Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ կեղծ օրակարգերին՝ մասնավորապես նշելով. «Այդպիսի կեղծ և վտանգավոր օրակարգ է Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև տարանջատումը, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ հակադրությունը հրապարակ բերելու վերջին փորձը»:
Նրա խոսքով՝ դրանք սադրանք են՝ ուղղված Հայաստանի և Արցախի ժողովուրդներին. «Այդ սադրանքները կարող են օգտագործվել այն գործիչների և ուժերի կողմից, ովքեր քաղաքականության մեջ առաջնորդվում են պղտոր ջրում ձուկ որսալու մարտավարությամբ: Այդ գործիչների մի մասը ազատության մեջ է, մյուս մասը, հուրախություն մեզ, բանտում»:
Նա նշեց, որ անցյալ օրերի ու շաբաթների ընթացքում տեղի ունեցան մի քանի արտաքին քաղաքական իրադարձություններ, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս. «Սումգայիթյան ոճրի օրը ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց Կարեն Ղազարյանին, և մենք չկարողացանք պաշտպանել մեր քաղաքացուն: Չկարողացանք փրկել նաև թալիշական շարժման առաջնորդին»:
Ելույթի վերջում նա անդրադարձավ օրվա խորհրդին. «Օրվա ամենամեծ խորհուրդն այն է, որ բոլորս մեր աշխատանքով, ջանքով կարողանանք կառուցել այնպիսի Հայաստան, ինչպիսին երազում էր Վազգեն Սարգսյանը: Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































