Աշխարհում շարունակվում են ակցիաները՝ ի զորակցություն Եվրամայդանի: Կիրակի ուկրաինացիները հանրահավաքներ են կազմակերպել ԵՄ-ի և Ռուսաստանի քաղաքներում՝ հայտնում է ուկրաինական սփյուռքի մեդիա պորտալ VIDIA-ն:
Մասնավորապես, Պորտուգալիայի մի քանի քաղաքներում անցկացվել են զորակցության ակցիաներ: Ինչպես հայտնել են Պորտուգալիայում Ուկրաինացիների միության մամլո ծառայությունում, ակցիայի գլխավոր նպատակն է պորտուգալացիների ուշադրության գրավումը ԵՄ երկրներում Յանուկովիչի ռեժիմի կողմից փողերի լվացման վրա:
Ակտիվիստների կարգախոսներից մեկի համաձայն՝ «Անշարժ գույքի մեկ օբյեկտ գնելու համար ուկրաինացի կոռուպցիոներն առանց տանիքի է թողել հազարավոր ուկրաինացիների»:
Փարիզում ուկրաինացիներն անցկացրել են Արտ-Մայդան ակցիան: Այն սկսվել է Տարաս Շևչենկոյի հրապարակում: Մայրաքաղաքի փողոցներով կազմակերպվել է երթ: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում բնակվող, սակայն ծագումով ուկրաինացի դերասաններ, երաժիշտներ ու բանաստեղծներ:
Նյու Յորքում ուկրաինացիների հետ փողոց է դուրս եկել ռուսալեզու սփյուռքը: Նրանք իրենց հետ հրապարակ էին բերել դաշնամուր ու նվագել:
Հռոմում հանրահավաքի ժամանակ մասնակիցներն ուղերձով դիմել են Իտալիայում ԱՄՆ դեսպանին՝ կոչ անելով նրան օգնել հայտնաբերելու և պատժելու կոռումպացված ուկրաինացի պաշտոնյաներին: Նամակը ստորագրել է 450 մարդ: Ծրագրվում է երեքշաբթի այն հանձնել Հռոմում ԱՄՆ դեսպանին՝ դիվանագիտական հաստատության պիկետավորման ժամանակ: Ակցիաներ են անցկացվել նաև Սանկտ Պետերբուրգում, Պրահայում:
Լոնդոնում ակտիվիստներն անցկացրել են թվով 61-րդ ակցիան: Այս անգամ պիկետի են ենթարկել Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանատունը:








































