Singapore Airlines ավիաընկերության ուղևորը ինքնաթիռում մատուցվող սննդի մեջ մարդու կոտրված ատամի մաս է հայտնաբերել, հաղորդում Daily Mail-ը:
Ավստրալացի Բրեդլի Բաթոնը Նոր Զելանդիայի Վելինգթոնից Ավստրալիայի Մելբուռն վերադառնալիս ինքնաթիռում մատուցված բրնձի մեջ ուրիշի ատամի մաս է հայտնաբերել: «Մինչև թռիչքի ավարտը ես ինձ վատ էի զգում միայն այն մտքից, որ իմ ճաշում ուրիշի ատամ է եղել»,- ասել է ավստրալացին:
Բորտուղեկցորդուհին, սակայն, չի համաձայնել տղամարդու հետ և պնդել է, որ դա փոքրիկ քար է, որից հետո տղամարդուն 75 դոլարանոց արժեթուղթ են տվել Duty Free-ից գնումներ անելու համար Singapore Airlines-ի ծառայություններից օգտվելու դեպքում, բողոքել է Բաթոնը:
Ավիաընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել ուղևորից և մեկնաբանել միջադեպը: «Ներկա պահին մենք հետաքննում ենք կատարվածի հանգամանքները: Մենք կորոշենք ինչպես վարվել այս իրավիճակում փորձաքննության արդյունքները ստանալուց հետո»,- ասվում է Singapore Airlines-ի պաշտոնական հայտարարության մեջ:










































