Գերմանիայի տարեց բնակիչը աճուրդում ձեռք է բերել Պաբլո Պիկասոյի ստեղծած կուժը, սակայն մինչև տուն չի հասցրել․ հիշողությունը դավաճանել է։ Պայուսակը, որի մեջ արվեստի գործն էր, տղամարդը մոռացել է գնացքում։
Միջադեպը տեղի է ունեցել Համի քաղաքում, որտեղ 76-ամյա գերմանացին մեկ գնացքից մյուսն է տեղափոխվել։ Տղամարդը միայն հետո է հայտնաբերել, որ պայուսակը չկա։ Նա դիմել է երկաթուղային ընկերությանը, սակայն այնտեղ նրան ոչնչով հնարավոր չի եղել օգնել։ Փնտրտուքներն արդյունք չեն տվել։ Դրանից հետո նա դիմել է ոստիկանություն։

Կուժը կոչվում է Le Hibou, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է բու, և զարդարված է այդ կենդանուն հիշեցնող զարդանախշերով։ Կուժի արժեքը 10 հազար եվրո է։










































