The Verge-ի լրագրողը զրուցել է Facebook-ի մոդերատորների հետ և ստեղծել է մարդկանց դիմանկարը, որոնք ձեռքով գրաքննության են ենթարկում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը: Նյութը հրապարակվել է The Verge-ի կայքում:
«Ամերիկայի ֆեյսբուքյան մոդերատորների գաղտնի կյանքը» վերնագրով հոդվածը նկարագրում է, թե ինչպես է արգելված կոնտենտի հետ աշխատանքը, որը պետք է մաքրվի ցանցից, սպառում մոդերատորներին և բացասաբար ազդում նրանց հոգեկան վիճակի վրա: Մասնավորապես, Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղակայված գրասենյակի Քլոե անունով աշխատակցուհին պատմել է, որ դաժան սպանություններով տեսանյութը դիտելուց հետո նա սկսել է խուճապի և տագնապի զգացողություն ունենալ:
Facebook-ի մոդերացիայով զբաղվող Cognizant ընկերության աշխատակիցները նույնպես մշտապես սթրեսի են ենթարկվում, աշխատանքում սխալներ թույլ տալու վախից: Նրանց կարող են աշխատանքից ազատվել շաբաթական մի քանի բացթողումների համար: Մնացածը վախենում են, որ աշխատանքից ազատվածները կվերադառնան վրեժխնդրության համար: Cognizant ընկերության աշխատակիցներից մեկն ապահովության համար իր հետ ատրճանակ է բերում գրասենյակ:
Սոցիալական ցանցում դավադրությունների տեսությունների հետ մշտական շփումը հանգեցրել է նրան, որ գրասենյակի որոշ աշխատակիցներ սկսում են հավատալ, որ Երկիրը հարթ է, և որ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները ահաբեկչական գործողություն չեն եղել:
Ժամանակի ընթացքում մոդերատորների մոտ ի հայտ են գալիս հետվնասվածքային սթրեսային խանգարմանը բնորոշ ախտանիշներ: Աշխատանքի ընթացքում սթրեսից ազատվելու համար, ընդմիջումների ժամանակ մոդերատորները միմյանց անեկդոտներ են պատմում ինքնասպանությունների մասին և մարիխուանա օգտագործում: Պարզվել է նաև, որ Cognizant-ի աշխատակիցները սեքսով են զբաղվում աստիճանավանդակներում և կրծքով կերակրող մայրերի համար առանձնացված սենյակներում, որը նույնպես սթրեսի հետևանք է:
Նշվում է նաև, որ մոդերատորների ծանր աշխատանքը վատ է վարձատրվում: Միջին հաշվով, մոդերատորը վաստակում է 28 հազար դոլար, որը ամերիկյան չափանիշներով շատ համեստ եկամուտ է:







































