«Սասնա Ծռեր» կուսակցության անդամներով համալրված «Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը պայքարելու է կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի ազատության համար։
Հիշեցնենք, որ նրանք կալանքի տակ են գտնվում դեռևս 2016 թվականից, երբ Երևանի ՊՊԾ գունդը գրավելուց հետո վայր դրեցին զենքերը։ Ինչո՞ւ «Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը չի սպասում դատական պրոցեսների ավարտին, երբ իրավական գնահատական կտրվի այդ անձանց արարքներին։ Այսօր հրավիրված ասուլիսում «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը պարզաբանեց, որ վստահության պակաս կա իրավական գործընթացների նկատմամբ․ «Չկա վստահություն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանցավոր սկզբունքներով ձևավորված դատաիրավական համակարգի նկատմամբ։ Պետք է, անհրաժեշտ է անցումային արդարադատություն, որը կանդրադառնա նաև մեր գործողությանը և կգնահատի՝ արդյոք ապստամբության իրավունքի սահմանազանցում եղե՞լ է, արդյոք հնարավո՞ր էր խուսափել մեր գործողությունից, արդյոք մենք մարդասիրության որևէ նորմ խախտե՞լ ենք»։










































