Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհում իրենց երկրի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ բարյացակամ է, բայց ահա երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հարգանք չի վայելում մյուս պետությունների ղեկավարների շրջանում: Սրանք են հասարակական կարծիքի հարցման՝ փետրվարի 25-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել է Gallup ծառայության կողմից:
Այս հետազոտության համաձայն, հարցման մասնակիցների 58 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ն զգալի չափով կամ ինչ-որ չափով դրականորեն է ընկալվում մյուս երկրներում: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2003 թվականից ի վեր: Անցյալ տարի նույն այս կարծիքը պաշտպանում էր հարցվածների 55 տոկոսը:
«Լավատեսների» թվի ավելացումը, ըստ վերլուծաբանների գնահատումների, տեղի է ունեցել գլխավորապես այսպես կոչված անկախ ընտրողների կարծիքի փոխվելու հաշվին, որոնք իրենց չեն համարում երկրում առաջատար երկու քաղաքական կուսակցություններից որևէ մեկի կողմնակիցներ:
Քաղաքացիների կեսից ավելին՝ 53 տոկոսը, կարծում է, որ աշխարհում ԱՄՆ-ի իմիջը պետք է բարելավել: 2017 թվականին իմիջից դժգոհները կազմում էին 67 տոկոս: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարին, ապա հարցման մասնակիցների 65 տոկոսից ավելին վստահություն է հայտնել, որ նա չի վայելում արտասահմանցի իր պաշտոնակիցների հարգանքը: Հակառակի մասին հայտարարել է մասնակիցների 31 տոկոսը:
Հետազոտության հեղինակները նշել են, որ ամերիկացիները համանման կարծիք ունեին նաև Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի նկատմամբ՝ նրա երկրորդ նախագահական ժամկետի ավարտին: Իսկ նրա կառավարման սկզբում ԱՄՆ-ի քաղաքացիների 67 տոկոսից ավելին կարծում էր, որ Օբամային հարգում են աշխարհում: Փետրվարի 1-ից մինչև 10-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել են 1016 չափահաս ամերիկացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































