«Եթե մենք ուզում ենք գնալ ավելի ժողովրդավար երկիր ունենալու ճանապարհով, մեզ պետք է խորհրդարանական կառավարման մոդել և առաջին հերթին պետք է հրաժարվել սուպերվարչապետական համակարգից։ Եթե մենք պահպանում ենք սուպերվարչապետական համակարգը, այն դառնում է մոտավորապես կիսանախագահականին մոտ մի բան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվե անելու ՀԱԿ առաջարկին։
Նրա խոսքով՝ իրականում մենք դեռ ամբողջական չենք էլ անցել խորհրդարանական կառավարման, ընդամենը մեկ տարի է՝ ինչ սկսել ենք այս անցումը և նոր սկսում ենք հայտնաբերել այն բացերը, որոնք կան։
«Քանի դեռ կա սուպերվարչապետական համակարգ, մենք լիարժեք խորհրդարանական համակարգի դեռ չենք անցել»,-հավելեց պատգամավորը։ Գորգիսյանը նշեց, որ ՀԱԿ առաջարկը անցում կատարել կիսանախագահական համակարգի, հետընթաց է համարում, քանի որ առաջընթաց էր կիսանախագահականից խորհրդարանականին անցնելը։