«Եթե սահմանադրական փոփոխությունների առարկան վերադարձն է կիսանախագահական կառավարման համակարգին և հրաժարվելը խորհրդարանական համակարգից, ապա որպես նախնական կարծիք՝ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա տարակուսում է՝ «էդ ե՞րբ հասցրեց պառլամենտական պետությունն իրեն չարդարացնել, որ հիմա նորից վերադառնանք նախկինին»:
Պատգամավորի կարծիքով՝ պառլամենտական պետությունն ավելի առաջավոր ինստիտուտ է. «Մենք դեռ դրա բոլոր հնարավորություններից չենք օգտվել, պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ գործադիրն իսկապես վերահսկելի լինի Ազգային ժողովի կողմից և իրացվի Սահմանադրության այն նորմը, որ ԱԺ-ն՝ ի դեմս հանձնաժողովների, իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն»:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին՝ անցկացնել սահմանադրական փոփոխություններ՝ ուղղված խմբակցությունների լիազորությունների մեծացմանը, Գևորգ Պետրոսյանը հայտնեց իր անձնական կարծիքը. «Ես դրան դրական եմ վերաբերվում: Այս պայմաններում հատկապես ճիշտ չէ, որ մյուս խմբակցությունները զրկվեն գոնե նախաձեռնողականություն դրսևորելու օբյեկտիվ հնարավորությունից»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: