Փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում «Իմ քայլը» դաշինքը թեկնածուներ չէր առաջադրել: «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ իրենց ուժի 7 անդամներ ինքնաառաջադրվել են, և ոմանք հաղթել են, ոմանք՝ պարտվել: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին և GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանին:
Էմին Երիցյանն այս առնչությամբ կարծում է, որ ոչ միայն «Իմ քայլը», այլև Հայաստանում ընդհանրապես կուսակցությունները ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում տեղական ընտրություններին. «Կուսակցությունները դեռ մարզերում, ռեգիոններում և հատկապես համայնքներում չունեն կառույցներ: Տեղական ընտրություններում որպեսզի կուսակցությունը հաջողություն ունենա, ինքը պետք է գտնի այդ համայնքում հեղինակություն ունեցող մեկին և սկսի համագործակցել»:
Նրա խոսքով՝ տեղերում շատերը խուսափում են կուսակցականացումից, որովհետև դա իրենց գործելու ճկունությունից զրկում է:
Արամ Նավասարդյանի խոսքով էլ՝ հիմա Հայաստանում այդ առումով ունենք շեղված իրավիճակ. «Նախորդ ընտրությունների հիմնական հենքը Նիկոլ Փաշինյանն էր, ոչ թե «Իմ քայլը»՝ որպես կայացած կառույց: Մենք ունենք որոշակի էյֆորիա, որը գնալով իհարկե նվազում է, և առկա գրանցված ռեյտինգը ինչ-որ ձևով կարելի է կապել Նիկոլ Փաշինյանի դեռ բարձր ռեյտինգի հետ»:
Նա կարծում է, որ ՏԻՄ ընտրությունների դեպքում փոքր-ինչ այլ է՝ այդ ազդեցությունն ավելի փոքր է. «Բայց այստեղ էլ տեսնում ենք ընտրությունների արդյունքները բողոքարկելու տենդենց: Այդ կապրիզի գաղափարը ես չեմ կարողանում հասկանալ, որովհետև կարծում եմ՝ այդ ժամանակներն անցել են»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































