Այն, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և Հայաստանի նոր, երիտասարդ կադրերից կազմված կառավարությունն ամբողջությամբ ընկալելի չեն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար՝ նորություն չէ։ Ռուսական մամուլի հարձակումները Հայաստանի վրա ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում «Սորոսի կադրերին» իշխանության մեջ տեղավորելու, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը «գույներ» հաղորդելու տեսքով։ Վերջերս էլ մեր հայրենակից ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ոչ ավել ոչ պակաս խորհուրդ, իսկ ավելի շուտ՝ ցուցում է տվել Հայաստանի նոր իշխանություններին Ղրիմը ճանաչել ռուսական։ Ըստ նրա՝ Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելը դեռ չի ապացուցում Հայաստանի լոյալությունը Ռուսաստանին։ Դրանից ավելի վաղ վերջինիս կնոջ՝ մեր մեկ այլ հայրենակցուհու՝ Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած Russia Today-ը հաղորդում էր պատրաստել՝ իբրև թե Հայաստանում քաղակտիվիստների հավաք է եղել, որի ընթացքում նրանց սովորեցրել են հեղաշրջումներ իրականացնել՝ ամերիկյան գումարներով։

Ռուսաստանում բնակվող փորձագետ Արբակ Խաչատրյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով ռուսական մամուլի հերթական հարձակումները, նշեց՝ Հայաստանին դա չպետք է ընկճի ստեղծել սեփական օրակարգը և, որ ամենակարևորն է, ինքնիշխան երկիրը: «Մեր խնդիրը ճիշտ ներքին ու արտաքին հարաբերություններ կառուցելն է, և մեզ բնավ չպետք է հետաքրքրեն նման հարձակումները։ Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է զգուշավոր լինի, քանի որ հիմա մանրադիտակի տակ է, և ամեն սխալ օգտագործվելու է հենց Հայաստանի դեմ։ Այս ամիսների ընթացքում պետք է լուծվեր ամենակարևոր խնդիրը՝ աշխատատեղերի ստեղծումը. եթե ստեղծվեն հավասար պայմաններ, աշխատատեղեր, մարդիկ Մոսկվայում չփնտրեն ապրելու ճանապարհներ ու մի քանի կոպեկ Հայաստան ուղարկելու հնարավորություն, քարոզչության «լեզուն» հաստատ այսքան երկար չի լինի, ու անընդհատ, ամեն մի խնդրի դեպքում չի մեջբերվի Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների խնդիրը»,- ընդգծեց նա։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ հիմա ամենակարևոր խնդիրը «առաջ գնալն է». «Այսքան տարի ընկճված, ստրուկի հոգեբանությամբ ապրել ենք, և դրա վերջը պետք է դրվի։ Եթե Հայաստանը լինի տնտեսապես հզոր, ինքնիշխան՝ բոլորը, ոչ միայն ռուսները, կսկսեն հավասարը հավասարի հետ խոսել։ 20 տարի թալանել են, փողերը պահել իրենց մոտ, հիմա էլ եկել է մի ուժ, որն ուզում է փոփոխություններ իրականացնել, բայց փորձ չունի։ Այո՛, կան հատուկենտ տաղանդավոր երիտասարդներ, բայց ոչ ամբողջ ապարատը։ 20 տարի նախկին իշխանությունները կատարել են այն, ինչ ուզել են Ռուսաստանում, հիմա այդ ամենը փոխվել է, ու իրենք բնականաբար խնդիրներ են տեսնում»։
Մեր զրուցակիցն ընդգծեց. «Այսօր Հայաստանում կա մի համակարգ, որը Ռուսաստանի համար «կոմֆորտ» չէ, չի կարող կառավարել այնպես, ինչպես նախկինում։ Հայաստանը այժմ ինքնուրույն է, «փալաս» չէ, ու դա չի ընդունվում Ռուսաստանի կողմից։
Բայց մյուս կողմից էլ՝ ռուսական կողմը սխալվում է՝ ինքնուրույն ու ուժեղ Հայաստանի ձայնն աշխարհում ավելի լսելի կլինի, ու եթե Հայաստանը Ռուսաստանին պաշտպանի որպես ինքնուրույն ու հզոր երկիր և ոչ որպես Ռուսաստանի արբանյակ՝ դա շատ ավելի օգտակար կլինի հենց նույն Մոսկվայի համար։ Իրենք նույնիսկ դա չեն հասկանում ու նման աղբով փորձում են վարկաբեկել Հայաստանը»,- եզրափակեց Արբակ Խաչատրյանը։

Փորձագետ, «Aravot.am» կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս հարձակմանը մեր արձագանքը պետք է լինի ակտիվ լրատվական քաղաքականությունը: «Հայաստանից պետք է դուրս գա համապարփակ, լիարժեք ու հավաստի տեղեկատվություն, որը բացեր չի տա, որպեսզի այդ ինֆորմացիոն դիվերսիաները հարվածեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեհրաբյանն ընդգծեց. «Ընդհանրապես Մարգարիտա Սիմոնյանների նմանները պետք է տեղյակ լինեն, որ նրանք Հայաստանի հետ կապ չունեն և չեն կարող ունենալ»։
Ըստ Մեհրաբյանի՝ նրանց մտահոգության պատճառն այն է, որ Հայաստանն իրենց նման չէ: «Եվ երկրորդը՝ Հայաստանի և իրենց տարբերությունը գնալով ավելի է մեծանում և ավելի է մեծանալու։ Իրենք ուզում են, որ մենք ապրենք իրենց նման, որովհետև դա է իրենց, այսպես կոչված, ազդեցության հիմքը, իմաստն ու նպատակը։ Այդ ամենը ժամանակի ընթացքում գոլորշիանալու է, և իրենց մտահոգության առարկան հենց դա է։ Բայց ինչքան ուզում են թող մտահոգվեն՝ թե՛ ներսում և թե՛ դրսում, կարող են իրար հետ կամ առանձին մտահոգվել, մենք մեր ճանապարհը պետք է ունենանք և առաջնորդվենք ինքնիշխան Հայաստանի շահերով»,- եզրափակեց նա։










































