Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը. Մեր պահանջը հստակ է` երկրում պետք է անցկացվեն նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Սա է միակ ճանապարհը երկիրը այս փակուղուց, ճահճից դուրս բերելու համար: Թե չէ, ինչ է ստացվում` կարող են կեղծել ընտրություններ, հետո խոսել քաղաքակիրթ երկխոսության, նոր քաղաքական մշակույթի ձևավորման մասին:
Ասում են` նոր ընտրությունների անցկացման համար հիմքեր չկան, ասում են այն իշխանության ներկայացուցիչները, որոնց իրականացրած քաղաքականության հետևանքով երկիրը դատարկվում է: Երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, իսկ որ հիմքերով եք դուք դարձել իշխանություն:
Դեմիրճյանը ժողովրդին դիմելով ասաց. Կարծում եմ` որևէ հիմք չկա հանդուրժելու այս իշխանությանը, պետք չէ որևէ պատրանք ունենալ այս երկխոսության հետ կապված, հարցը կլուծվի` եթե լինի համապատասխան հասարակական պահանջ, հասարակական ակտիվություն: Արդար ընտրությունները պետք է պարտադրվի հասարակության պահանջով: