ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
«Այն, ինչ ասվել է մեր առաջնորդի կողմից, շատ արդիական է, ճիշտ է ասված: Ես անձամբ հարցադրումներ ու առաջարկներ եմ անելու, որ ծրագրում պետք է համապատասխան շտկումներ լինեն: Բոլորս շահագրգռված ենք, որ քաղաքական հեղափոխության արդյունքները չփոշիանան, և ժողովուրդը շատ արագ այդ պտուղները զգա, որը պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնի, որի մասին նաև մեր առաջնորդը բազմիցս ասել է: Մենք երեք-չորս հիմնական դրույթ ենք առաջարկում: Առաջինը, ձևակերպել ծրագրի կատարման ռիսկերն ու երաշխիքները, երկրորդ, ծրագրի մեջ լրացնել համապատասխան ժամանակացույց՝ ըստ տարիների, երրորդ, անպայման պետք է իրականացման մեխանիզմներ լինեն»,- ասաց Միքայել Մելքումյանը:









































