«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ այսօր կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացրել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները, ովքեր ապրում են 1922-ին կալանավորների համար կառուցած շենքում, որն ամբողջովին հողից է: Բնակիչները պատմում են, որ շենքը չորրորդ կարգի վթարային է, և արդեն երկու մասի է բաժանվել, ուր որ է՝ կփլվի:
Կառավարությունից նրանց ուղարկեցին Տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի մոտ: Բնակիչները պատմեցին, որ Աշոտ Գիլոյանն իրենց ընդունել է, խոստացել հարցին լուծում տալ, ապա նրանց ուղարկել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման:
Չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչ Հմայակ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետը հանդիպմանը հարցեր է տվել, թե արդյո՞ք տնամերձ հող կա, որտեղ հնարավոր կլինի տներ կառուցել, ապա հետաքրքրվել, թե ինչքան գումար է պետք յուրաքանչյուր ընտանիքի բնակարանի խնդիրը լուծելու համար:
Մարզպետը խոստացել է խնդրին լուծում տալ, եթե ոչ՝ բնակիչները հայտարարում են, որ արդեն կառավարության շենքի մոտ կտեղափոխվեն ընտանիքներով, թոռներով ու ծոռներով:
Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք, թե մարզպետը երբևէ այցելե՞լ է, ծանոթացե՞լ է խնդրին մոտիկից, բնակիչները նշեցին, որ՝ ոչ, իսկ եթե գա՝ կտեսնի երկու մասի բաժանված շենք, որտեղ ոչ թե ապրում են, այլ ամեն օր քնում են վերջին օրվա վախով:









































