Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ընդունել Թուրքիայի հետ համաձայնագրի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում էր որպես փոխհատուցում 20 միլիոն դոլար վճարել 2010թ. Միջերկրական ծովում մահացած թուրք ակտիվիստների հարազատներին: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները:
Կառավարության ղեկավարը մտավախություն ունի, որ ուլտրաաջ ուժերը քննադատության կենթարկեն տվյալ համաձայնագիրը, քանի որ խոսքը մեծ գումարի մասին է:
Բացի այդ, Նեթանյահուն մերժել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գազայի հատվածից իսրայելական շրջափակումը հանելու պահանջը:
Փետրվարի 3-ին Իսրայելի իշխանությունները նախապատրաստել էին համաձայնագրի նախագիծ, ըստ որի՝ Թել Ավիվը պետք է Անկարային փոխհատուցի վնասը, որ կրել են Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակման հետևանքով 2010թ. Միջերկրական ծովում սպանված թուրք ակտիվիստների հարազատները:









































