ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Փետրվարի 12-ին այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:
«Միևնույն ժամանակ մենք պատրաստվում ենք առանց ՄՓՀՀՊ-ի աշխարհին: Մենք կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՆԱՏՕ-ն, որպեսզի ադապտացվի Ռուսաստանի հրթիռներին,- ասել է նա:- Բայց ինչպիսին էլ որ լինեն այդ քայլերը, դրանք կլինեն կշռադատված, համակարգված և պաշտպանողական: Մենք մտադիր չենք նոր հրթիռներ ծավալել Եվրոպայում»: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն «ՌԴ-ի կողմից 9Մ729 հրթիռների մի քանի դիվիզիոնների ծավալումը»:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Եվրոպայի երկրների և Կանադայի պաշտպանական ծախսերի աճը հաջորդ տարի կկազմի 100 միլիարդ դոլար: Ըստ որում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրները կկատարեն մինչև 2024 թվականը ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչև 2 տոկոս ավելացնելու՝ իրենց պարտավորությունները: Ստոլտենբերգը նաև հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կարևոր գործընկեր Է համարում, կօգնի Կիևին անդամակցման գործընթացում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:








































