Իրանի տնտեսությունը մոտ ժամանակներս կսկսի վերականգնվել տնտեսական պատժամիջոցների մի մասի չեղյալ հայտարարման և իրանական միջուկային ծրագրի հարցով համաշխարհային հանրությունում լարվածության մակարդակի նվազման շնորհիվ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Մարտին Սերիզոլան:
«Այժմ Իրանը գտնվում է տնտեսական խաչմերուկում: Գոյություն ունի այնպիսի միտումների աճի շարունակություն, ինչպիսիք են տնտեսական աճի ցածր և ինֆլյացիայի աճի բարձր տեմպերը:
Այս կապակցությամբ Իրանը տնտեսական շուտափույթ բարեփոխումների կարիք ունի՝ տնտեսական կայունություն ստեղծելու և ներդրումներ գրավելու համար»,- ասել է Սերիզոլան:
2013թ. Իրանի տնտեսությունը կրճատվել է 6%-ով՝ հիմնականում միջազգային պատժամիջոցների պատճառով, որոնք հանգեցրել են նրան, որ երկիրը չի կարողացել շահույթ ստանալ նավթի արտահանումից, իրանական արժույթի գինը կրճատվել է երկու անգամ, իսկ ինֆլյացիայի մակարդակը մեծացել է 40%-ով:
Սերիզոլայի խոսքերով՝ այժմ Իրանի տնտեսության կրճատման տեմպերը դանդաղում են, հաջորդ ֆիսկալային տարում ԱՄՀ-ն կանխատեսում է 1-2% աճ, իսկ ինֆլյացիայի մակարդակը կանխատեսվում է 25%: Աճի դանդաղ տեմպերը և բարձր ինֆլյացիան հաղթահարելու համար ԱՄՀ-ն Իրանին խորհուրդ է տալիս անցկացնել դրամավարկային խիստ քաղաքականություն՝ ուղղված ինֆլյացիայի տեմպերի նվազմանը և բյուջեի դեֆիցիտի կրճատմանը:








































