Android օպերացիոն համակարգն ամրապնդել է իր առաջատար դիրքերը բջջային սարքերի ոլորտում: Անցյալ տարի սմարթֆոնների շուկայում Google-ի օպերացիոն համակարգի մասնաբաժինը կազմել է 79 տոկոս՝ ասվում է International Data Corp-ի հաշվետվությունում:
2013-ին շուկա է դուրս բերվել Android-ով աշխատող ավելի քան 793 մլն սմարթֆոն: Դա 59 տոկոսով գերազանցում է 2012-ի ցուցանիշը: Առաջին տեղում հարավկորեական Samsung Electronics-ն է, որի մասնաբաժինն ընդհանուր առմամբ կազմել է 39 տոկոս:
Վերլուծաբանների հաշվարկներով՝ Apple-ի iOS օպերացիոն համակարգով սարքերի թիվը կազմել է 153.4 մլն, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012-ի ցուցանիշը: Նրա մասնաբաժինը բջջային շուկայում նվազել է՝ 18.7 տոկոսից դառնալով 15.2 տոկոս:
IDC ընկերության գնահատականներով՝ անցյալ տարի աշխարհում ավելի քան 1 մլրդ սմարթֆոն է վաճառվել, ինչը 38.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Microsoft-ն իր Windows Phone օպերացիոն համակարգով մասնաբաժինը շուկայում ավելացրել է՝ 2.4 տոկոսից հասցնելով 3.3 տոկոսի: BlackBerry-ի մասնաբաժինը նվազել է՝ 4.5 տոկոսից հասնելով 1.9 տոկոսի:







































