«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը (Արաբոյի Մանվել):
– Պարոն Եղիազարյան, ազատամարտիկները նախաձեռնել էին փետրվարին հեղափոխություն իրականացնել: Ստացվո՞ւմ է միավորումը, հնարավո՞ր է առանց քաղաքական ուժերի՝ հաջողության հասնել:
– Ժամանակի մեջ կարող է մի քիչ չտեղավորվեն, կամ գուցե էմոցիոնալ խոսքի արդյունք է ամիս նշելը՝ չեմ ուզում բարդացնել իրավիճակը, բայց ամեն դեպքում ժամանակը նշելն այնքան էլ տեղին չէ:
Քաղաքական իրավիճակն այնպես է փոխվում, որ փետրվարը կարող է դառնալ մարտ, մարտը՝ ապրիլ, բայց այն, որ մենք ասում ենք, որ սա շատ կարճ է տևելու, այս ամենը շարունակություն չի ունենալու՝ դա միանշանակ է. ես համաձայն եմ այդ մտքի հետ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կարող ենք առանց քաղաքական ուժերի հեղափոխություն անել, ես գտնում եմ՝ ոչ, այդպես չենք կարող անել: Այստեղ կարևորն այն է, թե ով է ձգող ուժը: Ես մի անգամ ասել եմ, որ կան կուսակցություններ, որոնք չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ եթե չեն արտահայտում, և եթե վաղը գան իշխանության, նրանք իրենց մտերիմների մեջ են բաժանելու իշխանությունը, ինչից մեր ժողովուրդը չի շահելու:
Կան այնպիսիք, որոնք միավորվելով՝ լրացնում են մեր շարքերը, բոլորս միասին անում ենք այս գործը, և երբ իշխանությունները փոխվեն, մենք երաշխավորում ենք, որ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդը կընտրի՝ ում ցանկանա, որ կուսակցությանը, որ նախագահին ցանկանա: Ուզում է՝ կարող է «Օրինաց երկրի» Հեղինե Բիշարյանին ընտրի, եթե, իհարկե, առանց փողի նա ընտրվի:
– Ազատամարտիկները վերջերս քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերել Սասուն Միքայելյանի հետ: Ի՞նչ կտա ձեր նախաձեռնությանը այդ նոր միավորումը:
– Ես հուլիսին եմ Հայաստան եկել ՌԴ-ից, միացել և ստեղծել ենք դաշտային հրամանատարների խորհուրդ, հետո կամաց-կամաց հավաքվել են մեր ընկերները՝ առանց որևէ սահմանափակման: Սասուն Միքայելյանն էլ է մտածում, որ մենք պետք է կարողանանք երաշխավորել ազատ, արդար ընտրությունները. այլ նորություն չկա:
Սա նոր շարժում է՝ նոր ոգով: Այս պայքարն ինձ համար մարդ մնալու պայքար է, ոչ թե ստամոքսի. ես կարող եմ իմ ստամոքսի հարցերը լուծել, բայց այս պայքարն ինձ համար մարդ մնալու պայքար է: Եթե ես զգամ, որ իմ մարտական ընկերները դուրս են մնում այդ պայքարից, շեղվում են այդ ճանապարհից, բնական է՝ չեմ համագործակցի իրենց հետ: Բայց նման բան ես չեմ նկատել, բոլորս միասին հանգել ենք այն եզրակացության, որ ժողովրդի մեծ մասը հիասթափված է, և պետք է մեր ուժերը ավելի ամուր ներդնենք, որպեսզի իրավիճակի լուծմանը օգտակար լինենք: Մեր ժողովուրդը խուճապի մեջ է, իսկ խուճապի մեջ գտնվող ժողովուրդը ամեն պահի կարող է սխալվել, ամեն պահի կարող է և տանուլ տալ, և, ասենք, ինքնասպանություն գործել:
– Պարոն Եղիազարյան, իսկ ի՞նչ կարծիքի եք Երկրապահ կամավորների միության մասին: Ձեր և նրանց գործունեության միջև ի՞նչ տարբերություններ և նմանություններ եք տեսնում: Ասում են, թե Դուք ԵԿՄ-ին այլընտրանք եք լինելու, այդպե՞ս է:
– Այդպես չէ, ինչպե՞ս կարող ենք մենք այլընտրանք լինել մեր մարտական ընկերներին, որոնք սիրում են իրենց հայրենիքը: Իսկ ովքեր իրենց հայրենիքը չեն սիրում՝ լինի ազատամարտիկ, ջութակահար, երգիչ, դասախոս, թե քաղաքական գործիչ, բնական է, որ մենք նրանց դեմ ենք լինելու:
Մի մոռացեք, որ ԵԿՄ-ում հավաքված են մեր ընկերները, մենք նրանց ինչպե՞ս կարող ենք դեմ լինել: Մեկ կամ երկու հոգու՝ գուցե, ես չեմ ուզում անուններ տալ, բայց դրանք շատ քիչ են՝ ոչ միայն ԵԿՄ-ում, այլև ամբողջ աշխարհում շատ քիչ են՝ 1.5 տոկոս: Ե՛վ մամուլում, և՛ բանակում, և՛ նույնիսկ ոստիկանությունում լավ ընկերներ ունենք, որոնք և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մեզ պաշտպանում են: Նրանց հետ պատրաստ ենք դուրս գալ պայքարի: Մենք ԵԿՄ-ին այլընտրանք չենք կարող լինել, մենք այնտեղ մարտական ընկերներ ունենք, որոնց սիրտն էլ է այս ահավոր իրավիճակի համար ցավում:
– Բայց չէ՞ որ շատ ազատամարտիկներ այդ միությունից դուրս եկան հենց այն պատճառով, որ այն դադարեց գործել այնպես, ինչպես նախկինում, նույնիսկ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարություն տարածեցին:
– Գիտեք ինչ, մեր ժողովուրդը, մեր պայքարը, մեր ազգային պատկերը և ժողովրդական կամքը առաջվանը չեն, վերջին 15-20 տարվա ընթացքում ամեն ինչ է փոխվել՝ նույնիսկ իշխանավորների մեջ, ժողովուրդն էլ այլևս առաջվանը չէ, ուրեմն էլ ինչպե՞ս կարող է մի կառույց անփոփոխ մնալ: Բայց ամեն դեպքում ԵԿՄ-ի տղաների մեծամասնությունը մեր մարտական ընկերներն են, ես նրանց հետ զրուցել եմ, նրանք էլ մղկտում են ցավից: Երբ մի լավ բան անենք, այդ տղաներն էլ մեզ հետ կհամախմբվեն, հայորդիներով այս վիճակը կփրկենք: Մեկ անգամ բոլորս միասին փրկել ենք, մի անգամ էլ կփրկենք:
– Օրինակ՝ ձեր նախաձեռնած հեղափոխության օրը կլինե՞ն ձեր կողքին, կսատարե՞ն ձեզ:
– Ես կարծում եմ, որ նրանք մեզ չեն խանգարի: Դա կլինի ԵԿՄ-ից, այլ ջոկատներից, թե հասարակական կազմակերպության անդամներից՝ բոլորը միանշանակ ցավում են այս իրավիճակի համար: Եթե չլրացնեն մեզ, ապա չեն էլ խանգարի: Այս պայքարն իրենց երեխաների համար էլ է: Այս պայքարը Վոլոդյա Ավետիսյանին, Շանթին բանտից ազատելու պայքար է, այս ամբողջ մոլախոտը արմատախիլ անելու պայքար է: Պետք է այդ խոտը հանել պարտեզից. մենք դարերի պատմություն ունենք: Բանսարկությունն իրականության անբաժանելի մասն է, ես չեմ ուզում, սակայն, նման բանով զբաղվել:
Եթե մենք այսօր հավաքվել ենք լավ բան անելու համար, ես չեմ կարծում, որ մեր մարտական ընկերները 90 տոկոսով չհավաքվեն ու չպաշտպանեն մեզ:








































