Հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հրազդանում և Եղեգնաձորում ջրծաղիկի համաճարակ է:
«Համաճարակի մասին խոսք չկա, պարզապես գործ ունենք հիվանդության ցուցանիշի սեզոնային բարձրացման հետ, որ դիտվում է յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին: Սա սովորական դինամիկա է: Հիմա այդ ցուցանիշն իջնում է, ավելին՝ վերջին օրերին բավականին իջել է: Հատկանշական է, որ հիվանդացության պիկը գրանցվել է դեկտեմբերին»,- ասաց համաճարակաբանը:
Լուսինե Պարոնյանի խոսքով՝ ջրծաղիկով հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, ավելի կոնկրետ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. անցած շաբաթ այնտեղ գրանցվել է 20 դեպք:
«Ինչ վերաբերում է Կոտայքի մարզին, ապա անցած շաբաթվա տվյալներով՝ այնտեղ արձանագրվել է 20 նոր դեպք: Վայոց ձորի մարզում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 նոր դեպք՝ բոլորն էլ հանրակրթական հաստատություններում: Առհասարակ, փետրվարի սկզբից մինչ օրս Վայոց ձորում գրանցվել է ջրծաղիկի 11 դեպք»,- ասաց ԱՆ աշխատակիցը:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հրազդան և Եղեգնաձոր քաղաքներում կտրուկ ավելացել է ջրծաղիկով հիվանդների քանակը: Ըստ նույն այդ լուրերի՝ Հրազդանի գրեթե բոլոր դպրոցներում ջրծաղիկով հիվանդներ կան, իսկ հունվարին գրանցվել է հիվանդացության 58 դեպք:








































