Այսօր տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նիստը, որին մասնակցել են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նիստի ավարտից հետո այս չորս խմբակցությունները Ռուբեն Հակոբյանին էին լիազորել պատասխանելու լրագրողների հարցերին:Վերջինս տեղեկացրեց, որ նիստին քննարկվել է հիմնականում կառավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու հարցը: Չորս խմբակցություններից յուրաքանչյուրը հարցի հետ կապված ներկայացրել է առանձին նախագիծ:
Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ իրենք որոշել են քննարկել այդ չորս տարբերակները և ներկայացնել մեկ ընդհանուր նախագիծ: Նախագծի նպատակը կլինի իշխանափոխությունը, սակայն այն հիմնվելու է կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու հարցի վրա:
Այդ նախագիծը ԱԺ որոշման նախագծի տեսքով կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստերի քննարկմանը՝ արտահերթ կարգով: Ոչ իշխանական ուժերը դրա համար նախ պետք է հավաքեն 44 պատգամավորների ստորագրություն:
Ռուբեն Հակոբյանը չցանկացավ մանրամասնել, թե չորս խմբակցությունները առանձին-առանձին ինչ նախագծեր են ներկայացրել, չցանկացավ նաև նշել, թե որոնք էին դրանց ընդհանրություններն ու տարբերությունները: Նա ավելացրեց, որ մի քանի օրից ընդհանուր տարբերակը պատրաստ կլինի և կներկայացվի ԱԺ-ին ու հանրությանը:









































