Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն շտապում իշխանափոխություն իրականացնել` ասելով, որ հարցը դեռևս օրակարգային չէ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ կարևոր հարցերից մեկն այն է, թե ընդհանրապես մենք «ընդդիմություն» ասելով ինչ նկատի ունենք. եթե այն հատվածը, որի մեջ մտնում են նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ապա դա ընդդիմություն չէ, ճիշտ է` նրանք բարձրագույն պաշտոններ չեն զբաղեցնում, սակայն ԲՀԿ-ն, օրինակ, իր ներկայացուցիչներն ունի տեղական ինքնակառավարման մարմիններում, ասենք` Գյումրիի քաղաքապետը ԲՀԿ-ական է, ՀՅԴ-ի պարագայում էլ կարելի է ասել, որ կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսը հիմա դեսպաններ են, այսինքն` ՀՀ արտաքին քաղաքականության տեսակետն են ներկայացնում, այնպես որ` ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի պարագայում շատ դժվար է ասել, որ նրանք ընդդիմություն են դասական իմաստով, սակայն այլ հարց է, որ նրանք քաղաքական այլ շահեր ունեն և ինքնըստինքյան նաև պայքարում են իրենց քաղաքականությունն առաջ տանելու համար:
«Ընդհանրապես պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը շատ դժվար կազմակերպվող խնդիր է: Նախ՝ ամենաառաջինն այն, որ ՀՀ-ն փոքր երկիր է, իշխանափոխություն կազմակերպելու համար բավական ռեսուրսներ և ժամանակ է պետք, իսկ այդ առումով պետք է նշեմ, որ մեր ընդդիմադիրները բավական սուղ վիճակում են գտնվում: Կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր ընդդիմությունը միանձնյա չի կարող հանդես գալ, բայց կան հարցեր, որ ընդդիմությունը միանալով՝ կարող է լուծել և ապա նորից բաժանվել, ինչպես «վարդերի հեղափոխության» ժամանակ Վրաստանում, ինչպես հիմա Ուկրաինայում»,- ասաց նա: Համբարյանի խոսքով` թեև ժամանակավոր միավորումը կարող է իր արդյունքները տալ, սակայն դա Հայաստանի պարագայում գրեթե հնարավոր չէ. միակ դեպքը, երբ ընդդիմությունը միավորվել է, եղել է 1996 թ. սեպտեմբերի 22-ի կեղծված նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիրների 99 տոկոսը, վայր դնելով իր ամբիցիաները, միավորվեց Վազգեն Մանուկյանի շուրջ: Ըստ նրա՝ այլ հարց է, թե ինչպես այդ ամենը ճնշվեց իշխանության կողմից, բայց այն, որ միավորվեցին և կարող էին որևէ բանի հասնել, դա փաստ է: ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելը շատ դժվար է նաև օբյեկտիվ պատճառներով` կա ԼՂ խնդիր, որից օգտվում են իշխանությունները` անընդհատ ժողովրդին զգոն պահելով, թե` ներքին խժդժությունները կարող են բերել նրան, որ Ադրբեջանն առիթից կօգտվի և կհարձակվի ասենք թե ԼՂ-ի կամ Հայաստանի վրա:
Ըստ քաղաքագետի` իշխանություններն, ի դեմս ՀՀԿ-ի, բացեիբաց ցույց են տալիս, որ ընդդիմության նույնիսկ կոնստրուկտիվ առաջարկները նրանց կողմից չեն ընդունվում, քանի որ նրանք այդպես են ուզում, գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ինչ ուզում, այն էլ անում են: Համբարյանը նշեց` ոչ իշխանական ուժերի օրակարգում երբեք իշխանափոխությունը չի եղել. Հարցին, թե արդյոք դրա պատճառն իրենց դերով բավարարված լինե՞լն է, քաղաքագետը պատասխանեց, որ ԲՀԿ-ն գուցե ինչ-որ չափով բավարարված է, որ ունի խմբակցություն, ներկայացված է իշխանական մարմիններում, նույն կերպ ՀՅԴ-ն բավարարված է նրանով, որ դեսպաններ ունի հիմա արտասահմանում, գյուղապետեր: Ըստ նրա՝ կարող է դժգոհ լինել ՀԱԿ-ը, բայց ՀԱԿ` որպես այդպիսին, դասական ՀԱԿ, չկա, այդտեղ հինգ հոգի են, հինգն էլ տարբեր երգ են երգում, նույնն կերպ` չկա նաև «Ժառանգություն» խմբակցություն, քանի որ «Ժառանգության» «բրենդի» տակ ԱԺ են անցել հասարակությանը բացարձակ անծանոթ քաղաքական ուժի ներկայացուցիչներ:
«Աբսուրդ մի բան կա. Հայաստանը երևի թե այն քիչ երկրներից է աշխարհում, որտեղ իշխանությունը բացարձակ հենարան չունի: Հաշվի առնելով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակը՝ սա աբսուրդ բան է, երբևէ ոչ մի տեղ նման բան չեք տեսնի՝ իշխանությունը հենարան չունի ժողովրդի շրջանում, բայց միաժամանակ լիարժեք տիրապետում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններին: Ընդդիմությունը ևս հենարան չունի, որովհետև ժողովուրդը 2008 թվականից հետո հիասթափվեց նրանից, իսկ ԱԺ և նախագահական ընտրություններից հետո այն քաղաքական ուժերը, որ կարող էին պայքարել գործող իշխանությունների դեմ, իրենք իրենց խաղից դուրս հանեցին, այսինքն` ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ շատ դեպքերում ընդդիմությանը կարելի է ուղղորդել, և այդ ուղղորդողը հենց իշխանություններն են»,- ասաց նա:
Քաղաքագետի համոզմամբ` անգամ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի միավորման դեպքում ընդդիմությունը շատ բաների հասնել չի կարող, գործող իշխանությունն ամեն պատճառաբանություն կգտնի նրա բոլոր ձեռնարկները տապալելու այն դեպքում, երբ այդ ձեռնարկներն իրեն ձեռնտու չեն, վառ օրինակը գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկի մերժումն էր, երբ ասացին` ուզում էիք, նախօրոք մեզ տեղյակ պահեիք, տեղյակ չեք պահել, մենք էլ դեմ կքվեարկենք: Քաղաքագետը կարծում է, որ ընդդիմադիրների համախմբումից, սակայն, իշխանությունը զգուշանում է, որ իշխանությունը քայլեր կձեռնարկի այս ժամանակավոր միավորումը լիովին ցրելու համար, թեև հենց ընդդիմության ներսում էլ այս համախմբվածությունը երկար գուցե և չձգվի:
«Մեր ընդդիմությունը մի քիչ ինքնահավան է: Ամեն մեկը գտնում է, որ ինքն ամենալավն է, ու իր շուրջ պետք է միավորվեն, թեկուզ և` ժամանակավոր. սա էլ է խնդիր մեզ համար, և վերջնականն այն է, որ հենց չունենալով հնարավորություններ` պայքարելու գործող իշխանությունների դեմ, ժողովուրդն էլ է սկսում կամաց-կամաց հիասթափվել: Հայաստանը թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում դեմքերի պակաս ունի, այսինքն` արդեն այնքան շատ են տեսել նույն անձանց, որ մարդիկ հոգնում են, հասարակությունը պահանջարկ ունի նոր դեմքերի, նոր ծրագրերի, նոր իդեաների, որ, ցավոք, դեռ չկան:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի խոսքով` ԱԺ ոչ իշխանական ուժերը կամ երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանքային ուժ միավորվել են ոչ թե ընդհանրապես բոլոր հարցերով, այլ` գազի արձանագրության քննարկման հարցով, այսինքն` դեռ ընդամենը այդ մեկ հարցում, իսկ իշխանափոխության հարցում նրանց միջև դեռ լիակատար միասնություն չկա, որովհետև ոչ բոլորն են, որ հենց այսօր են ուզում իշխանափոխություն. կան ուժեր, որ հենց այսօր են իշխանափոխություն ուզում, կան նաև ուժեր, որ գտնում են` պահը դեռ պիտի հասունանա, իսկ թե` միավորությունը թեկուզ այս մեկ հարցում կարո՞ղ է հանգեցնել իշխանափոխության, Բադալյանը կարծում է, որ ոչ: «Իշխանափոխության համար պետք են պայմաններ. Առաջինն այն է, որ հասարակությունը ցանկանա իշխանափոխություն, սակայն այսօր ես նման բան չեմ տեսնում, դա չի նշանակում, որ հասարակությունը գոհ է իշխանություններից, ուղղակի նրանց գիտակցության մեջ գերիշխող է դարձել գաղափարը, որ այս երկիրը ապագա չունի, և պետք է օր առաջ հեռանալ երկրից: Պատահական չէ, որ հիմա Հայաստանում տարածված արտահայտություն է դարձել` «Մի հապաղիր, արտագաղթիր»-ը, իշխանափոխության ներքին պահանջի բացակայության պարագայում ընդդիմադիր ուժերն ինչ էլ ցանկանան անել, անկախ նրանից` իրենք իրենց ընդդիմություն են ասում, թե այլընտրանք, չեն կարող հասնել իշխանափոխության: Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է միայն երկու բևեռների կողմից` կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի: Եթե այս ուժերը ցանկանան, իշխանափոխություն կանեն: Եթե նրանցից մեկը իշխանափոխություն ցանկանա անել, մյուսը դիմադրի, այստեղ արդեն հարցեր կառաջանան, թե ինչքանով է մեկն ուզում իշխանափոխություն անել, ինչքանով է մեկը կարողանում դրան դիմադրել, այս երկու ուժերի փոխհարաբերություններից է կախված, բայց ոչ` Հայաստանի հասարակությունից»,- ասաց նա:
Հայաստանում ընդդիմությունն, ըստ Բադալյանի, հենարան ունի ժողովրդի մեջ, և դա բնական է, քանի որ ինչքան էլ Հայաստանից արտագաղթեն, որոշակի դժգոհ զանգված մնում է, ուղղակի հարցը քանակի մեջ է. այդ մարդկանց թիվն այնքան չէ, որ բավարար լինի իշխանափոխության համար, օրինակ` 2008 թվականի փետրվարի 19-ից մարտի 1-ը, այսինքն` հայկական «մայդանի» ժամանակաշրջանում, այն ժամանակվա ընդդիմադիր հատվածի` ՀԱԿ-ի հետևից գնում էր մի քանի հարյուր հազար մարդ, բայց դա վեց տարի առաջ էր, բնականաբար վեց տարվա ընթացքում Հայաստանը լքել է 2-3 հարյուր հազար մարդ, իսկ որոշ տվյալներով` 4-5 հարյուր հազար, նրանց մեջ բավական մեծ տոկոս են կազմում նրանք, ովքեր ցանկանում են իշխանափոխություն: Քաղտեխնոլոգը համոզված է` և՛ ՀԱԿ-ի, և՛ ընդդիմադիր մյուս ուժերի հետևից հասարակության ինչ-որ մաս գնում է, բայց այն բավական թույլ է, որ կարողանա իր ցանկությունները պարտադրել իշխանություններին:
«Իշխանափոխությունը երկու ճանապարհով կարող է տեղի ունենալ` ընտրություններ կամ զինված հեղաշրջում, իսկ քանի որ Հայաստանում ընտրություններ չկան, կա ընտրական միջոցառում, իսկ երկրորդ ճանապարհը` զինված հեղաշրջումը, Հայաստանում արդեն բացառված է, այսինքն` ամեն դեպքում Հայաստանի հասարակությունը` թե՛ օրինական, թե՛ ոչ օրինական ճանապարհով, ուժ չունի իշխանությունների դեմ պայքարելու համար և ճիշտն ասած` ցանկություն էլ չունի Հայաստանում պայքարելու համար, հասարակությունն ընտրում է պայքարի այսօրվա դրությամբ ամենաարդյունավետ ճանապարհը` արտագաղթը: Իշխանությունները փորձում են ցույց տալ 32000 արտագաղթող, նրանց իրական թիվը 150000 – 200 000 սահմանում է տատանվում: Նման իրավիճակում, երբ հասարակության մեջ գերիշխում է արտագաղթողի հոգեբանությունը, հասարակության զանգվածային գիտակցության մեջ գերիշխող են դարձել «Այս երկիրը ապագա չունի», «Մի հապաղիր, արտագաղթիր» արտահայտությունները: Անցյալ տարում հասարակության կողմից ոտքի կանգնելու համար եղած, բայց չօգտագործված բազմաթիվ առիթները ցույց են տալիս, որ Հայաստանի ներսում` հասարակության կողմից, իշխանափոխության պահանջ, ցանկություն այլևս չկա, իսկ առանց դրա ընդդիմադիր ուժերը ոչինչ չեն կարող անել, ընդամենը կարող են միավորվել այդ հարցի շուրջ, ԱԺ-ում քննադատել, բայց դրանից ավել ոչինչ անել չեն կարող»,- ասաց նա` նշելով առիթներից մի քանիսը՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունը, ԱԺ-ում ՎՊ նախագահի ելույթը, ով նշեց, որ բյուջեի մոտ 70 տոկոսը թալանվում է, վարչապետի օֆշորային պատմությունը, ՌԴ-ում հայ քաղաքացուն կնոջ խալաթով դատարան բերելը, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, սեպտեմբերին ուսանողների վարձավճարների կտրուկ բարձրացումը, սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, գործազուրկներին Հայաստանում նպաստից զրկելը, Պուտինի` Հայաստան գալը և այն որպես ռազմական ֆորպոստ դիտարկելը, գազային պայմանագրերը, որ ուղղակի վասալային պայմանագրեր էին, կենսաթոշակային «բարեփոխումները» և այլն:
Բադալյանի խոսքով` Հայաստանի հասարակության գիտակցության մեջ գերիշխող դարձած այսօրվա գաղափարը կամ կարծրատիպն է` «Մենք էս երկրի հետ որևէ առնչություն չունենք, չենք ուզում ունենալ և սպասում ենք մեր բախտին` արտագաղթելու այս երկրից»: «Ընդդիմությունն ինչքան էլ փորձի միավորվել, հանրահավաքներ կամ միջոցառումներ անել, արդյունք չի ունենա, կամ եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանափոխության հարցով դրական արդյունք ունենալ, նա ունի մեկ ճանապարհ` գնալ կամ Կրեմլ, կամ Սպիտակ տուն: Երբ զանգվածային գիտակցության մեջ վերաբերմունք կփոխվի պետության նկատմամբ, հասարակությունն ինքը կցանկանա իր կյանքը բարելավել, այս դեպքում վստահությունը կբարձրանա ընդդիմության նկատմամբ, այս դեպքում հասարակությունն ընդդիմությանը կօգտագործի որպես գործիք` իր նպատակներին հասնելու համար: Ի վերջո, մի բան պետք է հասկանալ` ընդդիմությունն է հասարակության համար, ոչ թե հակառակը: Եթե հասարակությունը գտնում է, որ այսօրվա ընդդիմադիր և այլընտրանքային ուժերն իր շահերը չեն արտահայտում, ապա ոչինչ չի խանգարում նրան ստեղծել նոր ՀՅԴ, նոր ԲՀԿ, նոր ՀԱԿ ու նոր «Ժառանգություն»: Մենք ինչ ենք տեսնում` եղած ընդդիմության նկատմամբ վստահությունը նվազել է, բայց միևնույն ժամանակ` հասարակությունը նոր ընդդիմադիր ուժեր չի ստեղծում, մինչդեռ ընդդիմությունը հասարակության դիմադրողականության ջերմաչափն է և այն գործիքն է, որ հասարակությունը օգտագործում է, որպեսզի իր շահերը չոտնահարվեն, սակայն մենք տեսնում ենք` հասարակությունը հրաժարվում է իր գործիքներից. դրա պատճառն այն է, որ նա այս երկրի հետ այլևս ապագա չի կապում, նման իրավիճակներում իշխանափոխության մասին խոսելն ուղղակի լուրջ չի»,- ասաց նա:
Ըստ Բադալյանի` հասարակության գիտակցության մեջ ոչինչ չի փոխվել, ու կապ չունի` կմիավորվեն, թե ոչ: Նրա կարծիքով՝ այդ համախմբումից իշխանությունները կարող են զգուշանալ այն դեպքում, երբ տեսնեն, որ ընդդիմադիր կոչերն արձագանք են ստացել Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այս դեպքում գուցե վախենան իշխանության կորստից, առանց դրանց` որևէ վտանգ չեն ներկայացնում իշխանության համար: Մոսկվային դեռ իշխանափոխությունը ձեռք չի տա, քանի որ քայլեր կան, որ պետք է անել, ինչու՞ փոխել իշխանությանը, երբ նրանք կատարում են ՌԴ-ի բոլոր հրահանգները: Հակառակ կողմին` Արևմուտքին, մասնավորապես` ԱՄՆ-ին անդրադառնալով՝ Բադալյանը նշեց, որ դեռ չի կարող ասել` նա լիարժեք ցանկություն ունի՞ Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից, թե ոչ. երբ դա կնկատվի, կասեն` այո, ԱՄՆ-ն ինչ-որ քայլեր է անում, իսկ դրա համար պետք է փոխի այս իշխանությանը: Ըստ նրա՝ ԵՄ-ն որևէ խնդիր չունի այլևս Հայաստանում իշխանափոխություն անելու, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո նա հասկացավ` ով է Հայաստանի ղեկավարությունը: Քաղտեխնոլոգը նշեց` այսօր դեռ չի տեսնում Մոսկվայի և Վաշինգտոնի քայլերը Հայաստանում իշխանափոխություն անելու հարցում:








































