Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ժողովրդավարությանը նվիրված հերթական` Freedom in the World զեկույցում Հայաստանը դասել է այն փոքրաթիվ երկրների շարքում, որոնք ամենամեծ առաջընթացն են արձանագրել անցած տարի՝ 2018 թվականին, և պետք է հատուկ ուշադրության արժանանան այս տարվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ, գնահատելով ժողովրդավարության մակարդակը 25 տարբեր չափորոշիչներով՝ Freedom House-ը Հայաստանում 2018-ին 6 միավորի առաջընթաց է արձանագրել: Ըստ այդմ, Հայաստանը այս անգամ ստացել է 100 հնարավորից 50-ը՝ նախորդ տարվա 44-ի փոխարեն: Սա, ըստ փորձագետների, ամենանշանակալի առաջընթացներից մեկն է աշխարհում: Դրանով հանդերձ՝ Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների խմբում՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հետ: Նրա դիտարկմամբ՝ Freedom House-ը գնահատում է տարբեր բնագավառներում գորընթացների միտումները, և նրա գնահատականն օբյետիվ է: Իրավապաշտպանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունը եկավ հիմնավորելու, որ որոշիչը եղավ քաղաքացիական հասարակությունը. «Առաջընթաց է գրանցվել, որովհետև անցած տարի երկու ընտրություններում արձանագրեցինք ազատ և արդար ընտրությունների չափորոշիչներին համապատասխան ընտրություններ: Բացի դրանից՝ կոռուպցիայի դեմ պայքարի այնպիսի քայլեր ձեռնարկվեցին, որոնք նախորդ ժամանակահատվածում չէին արվել»:
Ողջունելով անցած տարվա առաջընթացը՝ Freedom House-ը միաժամանակ ընդգծում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք այս տարվա ընթացքում պետք է մնան միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում: Ա. Սաքունցի խոսքով՝ Freedom House-ը տվել է ավանսով գնահատականներ․ իշխանությունը, ունենալով լեգիտիմության մեծ պաշար, պետք է պատշաճ կատարի իր պարտավորությունները:
Մանրամասն՝ տեսանյութում:









































