Ղազախստանում աշխատանքն են դադարեցրել կենցաղային տեխնիկայի, համակարգչային սարքավորումների, շինանյութերի վաճառքով զբաղվող խոշորագույն առցանց խանութների կայքերը, փակվել են նաև բազմաթիվ փոխանակման կետեր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին Ղազախստանի Ազգային բանկը հայտարարել է ազգային արժույթի՝ տենգեի արժեզրկման մասին, ինչը հանգեցրել է դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման: Այս մասին հայտնում է Tengri News-ը:
Բացի այդ, ավտոդիլերները հանրապետությունում անորոշ ժամկետով դադարեցրել են ավտոմեքենաների վաճառքը:
Տենգեի արժեզրկումը հանգեցրել է նաև eGov.kz էլեկտրոնային կառավարության աշխատանքի խափանումների: Պորտալում ժամանակավորապես անհասանելի են վճարովի ծառայությունները:
Այսօր ավելի վաղ Ղազախստանի Ազգային բանկը հայտնել էր, որ հրաժարվում է տենգեի փոխարժեքի պահպանումից, ինչպես նաև կրճատում է արժութային միջամտությունների ծավալները: Կարգավորիչ մարմնում կանխատեսվել է, որ դոլարի փոխարժեքը դրանից հետո կհասնի ավելի քան 185 տենգեի (փետրվարի 11-ի փոխարժեքով 1 դոլարն արժեր 155.5 տենգե), սակայն արժեզրկման հայտարարությունից հետո բանկերում ամերիկյան արժույթի արժեքը հասել է 200 տենգեի:
Ինչպես փոխանցում է ITAR-TASS-ը, Ղազախստանի Ազգային բանկի ղեկավար Կայրատ Կելիմբետովը հայտարարել է, որ կարգավորիչ մարմինը միջոցառումներ կընդունի տենգեի փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու համար: Նա հավելել է, որ Ազգային բանկը կոշտ միջոցառումներ, ընդհուպ մինչև լիցենզիայի հետկանչ կիրականացնի փոխանակման կետերի տերերի դեմ, ովքեր փորձում են շահարկել արժութային փոխարժեքները: Բացի այդ, նա հայտնել է, որ Ղազախստանի կառավարությունն Ազգային բանկի հետ համատեղ կջանա 2014-ին սղաճը պահել 6-8 տոկոս մակարդակի վրա:










































