Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ելույթ ունենալով մետրոպոլիտենի նորակառույց «Դարնագյուլ» կայարանի բացման ժամանակ, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը «մտնում» է համաշխարհային մասշտաբով աշխարհի ուժեղագույն բանակների մեջ.
«Մեր բանակը «հիրավի հանդիսանում» է ոչ միայն այս տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, այլև համաշխարհային մասշտաբով ուժեղագույն բանակներից մեկը։ Այն «մտնում» է համաշխարհային մասշտաբի ուժեղագույն բանակների մեջ թե՛ արհեստավարժության, թե՛ մարտունակության, թե՛ ռազմական պոտենցիալի, թե՛ տեխնիկական հագեցվածության տեսանկյունից։ Մենք կարողացել ենք դրան «հասնել» կարճ ժամանակահատվածում»։
Ալիևի խոսքերում ուշագրավն այն է, որ մի կողմից՝ նրա լեզուն չի պտտվում ադրբեջանական բանակն անվանել գոնե Հարավային Կովկասի ուժեղագույն բանակը, իսկ մյուս կողմից էլ՝ դա նրան չի խանգարում, որ խոսի ադրբեջանական բանակի՝ համաշխարհային մասշտաբի ուժեղագույն բանակների թվում «ընդգրկվելու» մասին։









































