Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերության ինքնաթիռն առաջին չվերթն է իրականացրել ռեակտիվ վառելիքի և ծովային ծնեբեկից ստացված կենսավառելիքի խառնուրդով: Այս մասին գրում է Ars Technica-ն:
Boeing 787-ը թռիչքը մեկնարկել է Աբու Դաբիից և յոթ ժամ անց բարեհաջող վայրէջք կատարել Ամստերդամում: Վառելիքի խառնուրդը կամվել է 1:1 հարաբերակցությամբ: Նշվում է, որ կենսավառելիքի ավելի բարձր չափաքանակն անվտանգության նկատառումներով դեռևս արգելված է:
Կենսավառելիքը պատրաստվել է աղուտներում աճող ծովային ծնեբեկի յուղից: Կենսավառելիքի համար ծնեբեկն աճեցվել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ծովախեցգետիններ բուծող ֆերմայում:
Etihad Airways-ը պնդում է, որ ծնեբեկից ստացված կենսավառելիքն ուղղակիորեն խառնվում է ռեակտիվ վառելիքի հետ և օդանավի կառուցվածքի, շարժիչի կամ վառելիքը օդանավակայան հասցնող համակարգի որևէ լրացուցիչ փոփոխություն չի պահանջում:
Ենթադրվում է, որ ավիացիոն վառելիքի օգտագործման կրճատումը կնվազեցնի ինչպես ածխածնի արտանետումը մթնոլորտ, այնպես էլ ավիացիայի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա:








































