ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից իր արտակարգ ուղերձում ներկայացրել է միգրացիոն մի շարք առաջարկներ, որոնք նա անվանել է «ողջամիտ փոխզիջումներ»՝ վերջ դնելու համար շաթդաունին:
Մասնավորապես, փոխզիջումներից մեկն առնչվում է անօրինական ներգաղթյալների երեխաներին: Թրամփը նրանց խոստանում է երեք տարվա օրենսդրական պաշտպանություն, ինչը նրանց թույլ կտա տեղավորվել աշխատանքի, ստանալ սոցապահովագրություն և չլինել արտաքսված:
«Երազողները» (Dreamers) (այդպես են ԱՄՆ-ում անվանում անօրինական ներգաղթյալների երեխաներին) այս պահին պաշտպանված են արտաքսումից Deferred Action for Childhood Arrivals (DACA-թողարկվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից) ծրագրի շրջանակներում, ինչը նրանց թույլ է տալիս աշխատել, բայց չստանալ քաղաքացիություն: Թրամփը փորձում է փակել այդ ծրագիրը:
Բացի այդ, նախագահն առաջարկել է երեք տարով երկարաձգել ներգաղթյալների ժամանակավոր կարգավիճակը, ինչն արդեն սպառվում է:
Թրամփն իր հերթին ուզում է $5,7 մլրդ Մեքսիկայի հետ պատի ֆինանսավորման համար: Նա հստակեցրել է, որ դա լինելու է ոչ թե բետոնե պատ ծովից ծով 2 հազար մղոն երկարությամբ, այլ պողպատյա պատնեշ ռազմավարական կարևոր տեղերում:
Դեմոկրատները մերժել են այդ առաջարկը մինչ դրա պաշտոնական հայտարարությունը:










































