Իրանի դեմ արշավում Եվրոպայի աջակցությունը ձեռք բերելու ԱՄՆ-ի փորձերը անհաջողության են մատնվել, երբ պաշտոնական անձինք հայտարարել են, որ ԵՄ մի շարք երկրների նախարարներ, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի Իրանի և Մերձավոր Արևելքի հարցով ԱՄՆ-ի կազմակերպած համաժողովին՝ գրում է The Wall Street Journal-ը:
Համաժողովի մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքով շրջագայության ժամանակ: Այն տեղի կունենա Վարշավայում։
Պոմպեոն նշել է, որ հանդիպման մասնակից տասնյակ երկրներ կնպաստեն, որ Իրանը տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն չվարի։
Եվրոպացի որոշ դիվանագետներ ԵՄ անդամ Լեհաստանի ընտրությունը՝ որպես համաժողովի կազմակերպիչներից մեկի, ԵՄ-ն Իրանի հարցով պառակտելու փորձ են գնահատել:
ԵՄ-ն իրանական միջուկային համաձայնագրի կողմնակիցներից է և ձգտում է օգնել պահպանելու Թեհրանի հետ տնտեսական կապերը՝ չնայած համաձայանգրից դուրս գալու վերաբերյալ Թրամփի որոշումից հետո Իրանի դեմ ԱՄՆ-ի վերսկսված պատժամիջոցներին:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին չի մասնակցի Վարշավայում կայանալիք համաժողովին: Նրա խոսքով՝ ԵՄ-ի համար անհասկանալի է, թե փետրվարի 13-14-ին Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ինչ տեսլական կներկայացվի:
Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ Ֆրանսիան հազիվ թե իր արտգործնախարարին ուղարկի: Մեծ Բրիտանիան և Գերմանիան չեն որոշել, թե ով կներկայացնի իրենց: Լյուքսեմբուրգի արտգործնախարարն ասել է, որ բաց կթողնի միջոցառումը:








































