Արցախի հարցի կարգավորման գործընթացի, այսպես ասած, բանակցային հանգրվաններում պարբերաբար առաջ են գալիս հանրային հարցադրումներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների առնչությամբ, որոնք ձեռք բերվեցին ապրիլյան քառօրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո:
Այդ թեման հատկապես աշխույժ գեներացնում են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ նոր իշխանությանը մեղադրելով Վիեննան «կորցնելու» համար: Իրականում, սակայն, Վիեննան կորսվեց թերևս շատ ավելի վաղ, քան կլիներ թավշյա հեղափոխությունը: Ավելին՝ հեղափոխությունը գուցե Հայաստանի համար չեզոքացրեց Վիեննայի կորուստը և նույնիսկ տվեց ժամանակի ընթացքում վերականգնելու հնարավորություն:
Մայիսին տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը՝ ԱՄՆ հովանու ներքո, իսկ հունիսին՝ մեկ ամիս անց էլ ՌԴ հովանու ներքո եղավ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը: Հաջորդիվ պետք է լիներ հանդիպում Մինսկի խմբի երրորդ համանախագահի՝ Ֆրանսիայի հովանու ներքո, ու քանի որ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը միմյանց հաջորդել էին մեկամսյա դադարով, ենթադրելի էր, որ երրորդ հանդիպումը կլիներ համարժեք ժամանակահատված անց, եթե ոչ մեկ ամսից, ապա գոնե առնվազն երկու, երեք: Սակայն Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը եղավ ոչ թե մեկ, երկու, երեք տասը ամիս անց, այլ մոտավորապես մեկուկես տարի անց կամ 15 ամիս անց: 2016-ի հունիսին Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո երրորդ հանդիպումը եղավ 2017-ի հոկտեմբերի վերջին՝ Ժնևում, ընդ որում՝ ոչ Ֆրանսիայի հովանու ներքո, այլ Մինսկի խմբի ընդհանուր համանախագահության, ինչն իր հերթին հուշում էր, որ խախտվել է որոշակի ցիկլ: Թեև ցիկլի խախտման վկայությունը նաև այլ էր ու թերևս ավելի խորքային ու լուրջ:
Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հաջորդած ամփոփիչ հայտարարության մեջ, որ տարածվել էր երեք նախագահների անունից, բացակայում էր Վիեննայի օրակարգի և պայմանավորվածությունների մասին որևէ խոսք: Ընդ որում՝ դա այնքան նշանակալի հանգամանք էր, որ հանդիպման հաջորդ օրը Երևանում ասուլիս տված Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ չնայած Վիեննայի մասին հիշատակման բացակայությանը՝ «իրենց օրակարգում առաջնահերթ է մնում Վիեննայի պայմանավորվածությունը»:
Իսկ խնդիրն այն է, որ Վիեննայի պայմանավորվածությունը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանը, հրադադարի դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ներդրմանը: Սանկտ Պետերբուրգում չեղավ այդ մասին որևէ խոսք: Եվ այն, որ Ֆրանսիայի դեսպանը անմիջապես Երևանում հիշեցրեց Վիեննան՝ հայտնելով երրորդ հանդիպումը կազմակերպելու Փարիզի պատրաստակամությունը, վկայում է, որ Սանկտ Պետերբուրգն իրականում առաջացրել է Վիեննայի օրակարգը նենգափոխելու նպատակի հիմնավոր կասկածներ:
Բանն այն է, որ Վիեննայի օրակարգն ու պայմանավորվածությունը գործնականում իր խորքային ենթատեքստում պարունակում էր արցախյան հարցի ստատուս քվոյի կառավարման ՌԴ մենաշնորհի չեղարկում և այսպես ասած՝ Մինսկի համանախագահության կամ միջազգային հանրության կոլեգիալ կառավարում: Իսկ դա, բնականաբար, ավելի բազմաշերտ երաշխիք կապահովեր քաղաքական կառավարման արդյունավետության մասով, կնվազեցներ մանիպուլյացիաների և տարատեսակ շանտաժների ու սադրանքների հնարավորությունը: Զարմանալի չէ, որ Ռուսաստանը փորձեց հնարավորինս արագ կազմակերպել երկրորդ հանդիպումը՝ Սանկտ Պետերբուրգը, Վիեննայի պայմանավորվածությունները նենգափոխելու համար: Իսկ հետո էլ թերևս արվեց հնարավորը՝ երրորդ հանդիպումը, այսինքն՝ Վիեննան Ֆրանսիայի օգնությամբ «վերականգնելու» հնարավորությունը չեզոքացնելու համար:
Դա թերևս ստացվեց, քանի որ Սերժ Սարգսյանին ապրիլյան պատերազմից հետո գուցե սկզբնական շրջանում բավականին հուզում էր արցախյան խնդրում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի տապալումը կապիտալիզացնելը, սակայն աստիճանաբար ավելի գերակա էր դառնում Հայաստանում իշխանության խնդրի հանգուցալուծումը, քանի որ մեկ տարի անց ընտրություն էր, իսկ հետո էլ 2018-ի խնդիրը: Ժնևում արդեն չկար թե՛ Վիեննա, թե՛ Սանկտ Պետերբուրգ: Այդ մասին չեղավ որևէ խոսակցություն, հայկական կողմն անգամ իր որևէ հայտարարության մեջ չհիշատակեց այդ մասին:
Սերժ Սարգսյանն ընդհուպ մոտեցել էր 2018-ի խնդրին, և բնականաբար միջազգային հարթակում նրան հետաքրքիր էր ոչ թե Վիեննան, այլ վարչապետի պաշտոնի հանգուցալուծումը, ըստ այդմ՝ բոլոր խնդիրները ենթակա էին դրան, այդ թվում՝ արցախյան գործընթացը: Այստեղ Սարգսյանն իր համար ապահովել էր նվազագույնը՝ ռազմական նոր վտանգի չեզոքացումը առնվազն մինչև իր վարչապետության խնդրի լուծումը: Թեև, ինչպես ցույց տվեց Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունը, Սարգսյանն այնքան էլ չէր հաջողել այդ հարցում: Բանն այն է, որ Ադրբեջանը Նախիջևանում շարժեր և վերադիրքավորում սկսեց ոչ թե թավշյա հեղափոխության օրերին, ինչպես տարածվում էր տեղեկատվական խողովակով, այլ փետրվար-մարտին, երբ Սարգսյանն արդեն մոտեցել էր նախագահից վարչապետի պաշտոնին անցման եզրագծին:
Իրականում, ինչպես ռազմական մասնագետներն ու պատասխանատուներն են ասում, Ադրբեջանն էապես չի կարողացել բարելավել իր դիրքերը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Բաքուն պարզապես հող էր շոշափում, Սերժ Սարգսյանի վարչապետությունից հետո այդ հողի վրայով ամուր քայլելու համար: Ալիևը նույնիսկ նախագահական ընտրությունները վեց ամսով առաջ տվեց՝ հոկտեմբերից ապրիլ՝ ոտքերն ու ձեռքերը ազատելու համար: Բայց այդ ժամանակ էլ սկսեց քայլել հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին, խառնելով Ալիևի պլանները:




































