Իտալական Սամբուկա-դի-Սիցիլիա քաղաքի իշխանությունները անսովոր ակցիա են մեկնարկել. նրանք տները վաճառում են մեկ եվրո խորհրդանշական գնով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նախաձեռնության նպատակը դեպոպուլյացիայից տառապող քաղաք նոր բնակիչների ներգրավումն է և քաղաքի տեսքի բարելավումը: Վաճառքի են հանվել տասնյակ պատմական շինություններ: Միևնույն ժամանակ, գնորդները, երեք տարվա ընթացքում, պարտավոր են վերանորոգել տները՝ ծախսելով առնվազն 15 հազար եվրո: Բացի այդ, նրանք հինգ հազար եվրոյի չափով դեպոզիտ են հանձնում քաղաքային գանձարան, որը վերադարձվելու է վերանորոգման ավարտից հետո:

«Ի տարբերություն այլ քաղաքների, որոնք նման ակցիա իրականացրել են գովազդի համար, մեր վարչակազմի տրամադրության տակ իրականում կան մեկ եվրո-ոց այդ տները»,- CNN-ի հետ զրույցում ասել է Սամբուկայի փոխքաղաքապետ Ջուզեպե Կաչիոպոն: Նա Սամբուկան ներկայացրել է որպես խաղաղ և հանգիստ քաղաք՝ իդեալական վայր «դետոքս-հանգստի» համար:
Ծրագրում ընդգրկված մոտ 10 օբյեկտներ արդեն ռեալիզացվել են: Տների ձեռքբերման համար հարցումները հիմնականում գալիս են Շվեյցարիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից:










































