«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ պետք է որդեգրել նոր քաղաքականություն, նոր մոտեցումներ. «Աշխարհը հարկադրված է անցնել լրիվ նոր փիլիսոփայության, դա օբյեկտիվ իրականություն է։ Մենք հռչակել ենք հեղափոխություն, ի՞նչ է այդ հեղափոխությունը արտաքին հարաբերությունների կտրվածքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ո՞ւմ է պետք այդ ՀԱՊԿ-ը կամ այդ ՆԱՏՕ-ն, եթե Իրաքում կարելի է փոս փորել, 5000 եզդի կին և երեխա լցնել այդ փոսի մեջ և հողով ծածկել 21-րդ դարում։ Հիմա մենք այդ աշխարհից պետք է դուրս գանք, այդ բոլոր տվայտանքները շարունակվելու են մինչև բանաձևը չգտնենք։ Մենք ունեցել ենք այնքան համարձակություն, որ ասել ենք՝ հեղափոխություն, հիմա բարի լինենք տեր կանգնենք դրան նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Եվ ինձ չի հետաքրքրում՝ ով ինչքան է պատրաստ դրան»։
Նրա խոսքերով՝ հայությունը ունի բավականաչափ գրագետ մարդիկ և, ամենակարևորը, հոգևոր թռիչք. «Հիմա հնարավոր չէ քաղաքական հարցը լուծել որպես քաղաքական հաշվարկ։ Նրանք, ովքեր մինչ այսօր այդպես էին գործում՝ դատապարտված են ոչ մի բանի, նրանք անօգուտ էակներ են։
Պետք է լինի կյանքի նոր փիլիսոփայություն, կենդանի ոգի և այդ ամենը պետք է ստեղծվի համապատասխան արտաքին քաղաքական օրակարգով։ Որն է այդ օրակարգը, պետք է ինքներս գտնենք մեզ համար ու ներկայացնենք դա բոլորին»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































