ԱՄՆ Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ է հղել իր ենթականերին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա: Ուղերձում նա նշել է, թե, որքան իրեն հայտնի է, դա աննախադեպ է երկրի պատմության մեջ՝ տեղեկացնում է TASS-ը։
«Այսօր դուք չեք ստանա ձեր հերթական աշխատավարձը: Այսպիսով, որքան ինձ հայտնի է, մեր ազգի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերի ծառայողներին աշխատավարձ չի վճարվել բյուջետային ֆինանսավորման դադարեցման ընթացքում»,- ասված է նամակում, որը հունվարի 15-ին զետեղվել է ԱՄՆ Առափնյա պահպանության կայքում:
Շուլցը նշել է, որ գիտակցում է, թե այս իրավիճակն ինչ անհանգստություն է առաջացնում ծառայողների և նրանց ընտանիքների մոտ, ինչի կապակցությամբ նրանց անունից սերտ համագործակցություն է իրականացվում մի շարք կազմակերպությունների հետ: «Այս առնչությամբ ես ուրախ եմ հայտնելու, որ Coast Guard Mutual Assistance («Առափնյա պահպանության փոխադարձ օգնություն») ոչ առևտրային բարեգործական կազմակերպությունը 15 միլիոն դոլարի չափով նվիրատվություն է ստացել USAA ընկերությունից՝ օգնության կարիք ունեցող մեր մարդկանց օժանդակելու նպատակով»,- հավելել Է նա։










































