Բժիշկները վիրահատել են Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչին, որը բարեգործական համերգի ժամանակ դանակով վիրավորումներ է ստացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վիրաբույժն ասել է, որ հինգ ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդի վիճակը «շատ, շատ ծանր է»: Նա սրտի, ստոծանու և որովայնային խոռոչի լուրջ վնասվածք ունի: Ադամովիչին դոնորական արյան 41 չափաբաժին են փոխներարկել:
Հունվարի 13-ին հանցագործը Ադամովիչին մի քանի անգամ դանակահարել է սրտի հատվածում: Հարձակման ժամանակ տղամարդը բղավել է, որ կեղծ մեղադրանքով հայտնվել է բանտում, որտեղ կտտանքների է ենթարկվել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ տեղի 27-ամյա բնակիչը պատասխանատվության է ենթարկվել չորս բանկի կողոպուտի համար:





































