ԱԺ երրորդ փոխխոսնակի առաջադրման շուրջ քաղաքական մրցակցությանը զուգընթաց ինտրիգային է համարվում նաև մշտական հանձնաժողովների քանակի շուրջ ծավալվող դիսկուրսը: Առաջին նիստի նախաշեմին այդ իմաստով բավականին ուշագրավ մրցապայքար է ծավալվում «Լուսավոր Հայաստան» – «Բարգավաճ Հայաստան» տիրույթում: ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով՝ համոզված լինելով, որ այն կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ: Հայտնի է դարձել նաև, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵԱՏՄ հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին: Այսպիսով՝ նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանում ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կոշտ դիմակայությունը քաղաքական նախաձեռնությունների տեսքով շարունակվելու է նոր ԱԺ-ում, ընդ որում՝ տպավորություն է, որ ԲՀԿ-ի նախաձեռնությունը պատասխան է ԼՀԿ-ի ավելի վաղ արված առաջարկին:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները կարիք ունեն նաև խորհրդարանական վերահսկողության, դրա համար անհրաժեշտ է ստեղծել առանձին մշտական հանձնաժողով, որը կզբաղվի այդ ամենով: Վերջերս է հայտնի դարձել, որ ԲՀԿ-ն նույնպես նման նախաձեռնություն ունի, դա ո՛չ խանգարում է, ո՛չ օգնում է մեզ»,- նշեց Տ. Սիմոնյանը:
Վ. Պետրոսյանը հավելեց, որ այդպիսի մտադրություն ԲՀԿ-ն ունեցել է վաղուց, բայց չի բարձրաձայնել: Նրա խոսքով՝ կարևոր է, թե ով ինչպես կհիմնավորի իր նախաձեռնությունը. «Մեր նախաձեռնություններն ունեն շփման եզրեր, իրար չհակասող նախաձեռնություններ են»:
Է. Առաքելյանը հավաստիացրեց, որ «Իմ քայլը» ողջունում է նախաձեռնության գաղափարը. «Մեզ համար կարևոր է տնտեսական շեշտադրումը: Խորհրդարանում բավականին երկար ժամանակ գործում է Եվրաինտեգրման հանձնաժողովը, իսկ մենք շատ ավելի ինտեգրված ենք եվրասիական տարածքում և այս հանձնաժողովի անհրաժեշտությունն արդեն տևական ժամանակ է ուրվագծվում էր»: Է. Առաքելյանը նաև ընդգծեց, որ դեռևս որևէ որոշում չկա, թե որ ուժի նախաձեռնությանը կտրվի նախապատվություն, դա կորոշվի քննարկումների արդյունքում:
«Բոլոր 132 պատգամավորները ցանկության դեպքում կարող են իրականացնել վերահսկողական գործառույթներ, կարծում եմ, շատերն այդ ճանապարհով կգնան, դա բխում է թե՛ հանրային շահից, թե՛ պետության շահից»,- նշեց Է. Առաքելյանը: Անդրադառնալով հարցին, թե ով կղեկավարի այդ հանձնաժողովը, նա պատասխանեց, որ կղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, բայց թե որ կուսակցությունից, կորոշվի քննարկումների արդյունքում: Վ. Պետրոսյանը և Տ. Սիմոնյանը հավաստիացրին, որ այդ հարցի շուրջ դեռևս որևէ ուժի հետ կոնսենսուս չկա:
Մանրամասն՝ տեսանյութում:







































