«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը պնդում է, որ հնդիկների մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ էլեկտրոնային ստորագրահավաքը սեփական նախաձեռնությունն է և ոչ թե կուսակցական։ «Հունվարի չորսին ֆեյսբուքյան իմ էջում իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնել, որն ընդհանրապես կապ չունի կուսակցության հետ։ Ես իմ դիրքորոշումը, ՀՀ տնտեսության և դեմոգրաֆիկ խնդիրների վերաբերյալ իմ մտահոգություններն եմ հայտնել որպես կուսակցական ակտիվիստ։ Եվ ես սա չեմ արել կուսակցության անունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սարգիս Տեր-Եսայանը։ Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ նախաձեռնությունը առհասարակ որևէ աջակցություն չի ունենա, Սարգիս Տեր-Եսայանը նշեց, որ երբ հունվարի 4-ին ստորագրահավաք է կազմակերպել խնդրի վերաբերյալ, ստորագրահավաքին մասնակցել է մոտ հազար հոգի․ «Այստեղ նացիստական միտում չկա, այլ պարզապես մարդիկ դեմ են ներգաղթին, լինեն քրիստոնյաներ, թե մուսուլմաններ, սա կրոնական հիմքի վրա չէ, այլ Հայաստան օտարերկրացիների աշխատուժի, քանի որ Հայաստանում մեր հայերի համար աշխատուժ չունենք։
Առաջինը՝ ապահովենք Հայաստանի համար մեր երիտասարդներին աշխատուժով, դառնանք հզոր պետություն, հետո մտածենք օտարներին ընդունելու մասին։ Չէ՞ որ մենք Ռուսաստանի, Եվրոպայի նման հարուստ չենք։ Եվրոպան այսօր աշխատուժի կարիք ուներ, բայց այսօր արդեն դեմոգրաֆիկ խնդրի առաջ է կանգնած։ Եվ մենք նույնպես այդ խնդրի առջև կկանգնենք, քանի որ և՛ փոքր հողատարածք ունենք, և՛ փոքր ազգաբնակչություն»,- ասաց նա՝ հավելելով, որ սա Հայաստանի համար տնտեսական առումով մեծ խնդիր է ստեղծելու։
«Սասնա ծռեր» կուսակցությունն իր հերթին այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ ներկայումս Հայաստանում օտարերկրացիների առկայության և նրանց հետ կապված խնդիրները չունեն այնպիսի մասշտաբ և նշանակություն, որ անհրաժեշտ լիներ դրանք ներառել հայության և Հայաստանի ռազմավարական օրակարգում որպես կարևոր հարց:
«Նա թիրախավորում է նաև մեր կուսակցությանը, քանի որ թեման արծարծողներից մեկն էլ մեր կուսակցության անդամներից է, ով հանդես է եկել իր անձնական նախաձեռնությամբ՝ առանց կուսակցության պատասխանատուների հետ խորհրդակցելու»,- նշված է հայտարարության մեջ։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համոզմամբ՝ Հայաստանի միգրացիոն ռազմավարությունը պետք է հիմնված լինի միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա:
Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է մշակի և իրագործի արդյունավետ կերպով վերահսկվող միգրացիոն քաղաքականություն, որը կապահովի թե՛ արտերկրում բնակվող հայության մեծ հայրենադարձություն և թե՛ օտարերկրյա պետությունների հետ տուրիզմի, գործարար ու մշակութային կապերի զարգացում և գիտակրթատեխնոլոգիական փոխանակում, ինչպես նաև օտարերկրյա որակյալ աշխատուժի ներգրավում:
Սարգիս Տեր-Եսայանը նշեց, որ ինքը «Սասնա ծռեր» կուսակցության անդամ է և մնալու է կուսակցության անդամ․ «Չէ՞ որ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ կարծիք հայտնել, ժողովրդին դիմել, նախաձեռնությամբ հանդես գալ, սա քաղաքացիական նախաձեռնություն է։ Եվ ով ստորագրել է, անկախ կուսակցության պատկանելությունից, մտահոգված եկել են, ստորագրել են։ Իսկ եթե կուսակցությունը կուզի հետո սատարել իմ նախաձեռնությանը, թող սատարի, դուք բոլորդ կիմանաք»,- ասաց նա։
Գևորգ Սաֆարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, որ այսպիսի ստորագրահավաք նախաձեռնել է իրենց կուսակցականը, նշեց․ «Մենք մեր առաջին համագումարին հայտարարել ենք, որ չենք դառնալու դասական կուսակցություն, որը տեսել եք ընդհանրապես, և մեր անդամները կուսակցության ներսում շատ մեծ ազատություններ ունեն և մենք որևէ կերպ չենք սահմանափակում մեր կուսակցականների գործունեությունը, բայց դա չի նշանակում, որ անհատի գործունեությունը պետք է կապել կուսակցության հետ»։ Գևորգ Սաֆարյանի խոսքերով՝ պետության միգրացիոն քաղաքականությունը պետք է որոշվի պետական մարմինների կողմից ի շահ պետության, պետության միգրացիոն քաղաքականությունը պետք է լինի ի շահ ՀՀ-ի։











































