Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում տեղի է ունեցել խորհրդարանի նորընտիր կազմի երդման արարողությունը։ 550 պատգամավորներից մասնակցել են միայն 361-ը։
Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ, 135 մանդատ) և քուրդ անկախ թեկնածուները (35 մանդատ) բոյկոտել են խորհրդարանի աշխատանքը։ Արդյունքում ստացվել է, որ Թուրքիայի խորհրդարանի պատմության ընթացքում առաջին անգամ երդման արարողությունն անցել է առանց 189 պատգամավորի մասնակցության։
Խորհրդարանում թուրքական ընդդիմությունը ներկայացված է եղել միայն «Ազգայնական շարժում» կուսակցությամբ (ԱՇԿ), որի նախագահը Դևլեթ Բահչելին է։ Վերջինս դրա համար կտրուկ քննադատության է ենթարկվել ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից.
«Ես կարող եմ ասել միայն մեկ բան։ Մենք չենք դավաճանում մեր ընկերներին»։ Սրանով Քըլըչդարօղլուն ակնարկել է այն, որ ԱՇԿ-ն պարտավոր էր աջակցել ընդդիմության բոյկոտի որոշումը՝ ելնելով նրանից, որ այդ կուսակցության պատգամավոր Էնգին Ալանը դեռևս ապօրինաբար պահվում է բանտում։
ԺՀԿ-ն բոյկոտելու որոշումը պատճառաբանել է նրանով, որ դեռևս բանտում են պահվում իր նորընտիր երկու պատգամավորները՝ Մեհմեդ Հաբերալն ու Մուսթաֆա Բալբայը։
Սակայն ԱՇԿ-ի վերնախավն անպատասխան չի թողել Քըլըչդարօղլուի մեղադրանքը։ ԱՇԿ փոխնախագահ Ֆարուք Բալը հայտարարել է. «Այդ արտահայտությունը չի մեծացնում նրա համբավը։ Մենք նույնպես համաձայն չենք դատարանի որոշման հետ։ Սակայն նման պահվածքով ԺՀԿ-ն դավաճանում է իր 11 միլիոն ընտրողների կամքին»։
Իսկ ԱՇԿ վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ՝ Օքթայ Վուրալը, իր հերթին նշել է. «Մենք երբեք չենք դավաճանի ո՛չ մեր ընկերներին, ո՛չ էլ ժողովրդի կամքին։ Մենք գիտենք, թե ինչպես է անհրաժեշտ ներկայացնել ժողովրդի կամքը»։
Հիշեցնենք, որ վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանում ունի 327 մանդատ, իսկ ԱՇԿ-ն՝ 53 մանդատ։








































