Կուբայի պետական հեռուստատեսությունը երեկ երեկոյան ցուցադրել է նոր տեսանյութ, որտեղ պատկերված է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այս քայլին Կուբայի և Վենեսուելայի իշխանությունները դիմել են այն բանից հետո, երբ արդեն մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Չավեսը կրիտիկական վիճակում է և տառապում է շագանակագեղձի քաղցկեղից:
Լուսանկարների վրա և տեսանյութում Չավեսը զրուցում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Ռեպորտաժում ասվում է, որ նկարահանումներն իրականացվել են հունիսի 28-ին: Չավեսի առողջական վիճակի մասին այլ աղբյուրներից տեղեկություններ պարզել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ում լույս տեսնող Miami Herald-ը գրել էր, որ Չավեսի առողջական վիճակը կրիտիկական է: Վերջին անգամ Չավեսը հեռուստաեթերում հայտնվել էր հունիսի 12-ին, երբ հեռախոսով հարցազրույց էր տվել Վենեսուելայի հեռուստատեսությանը:









































