Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտություն կրած իր նախկին կուսակիցներին: Իր ֆեյսբուքյան հերթական ուղերձներից մեկում նա կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հերթական ուղերձներից մեկի ժամանակ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկը տրտնջացել է, թե՝ առանց փողի հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, իսկ նա հակադարձել է, թե «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»։
«Փաշինյանն իր միջոցներով ամեն ինչ արեց, իր միջոցներով շրջեց ողջ Հայաստանով և առանց կոպեկի պարտության մատնեց միլիարդներ ունեցող հակառակորդներին: Ավելին, երբ նա բանտում էր, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով՝ ահա՛ փողը, եթե ոչ, կսպանենք, կխեղդենք… Իսկ նա, գիտե՞ք, ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:










































