ՄԱԿ-ը հայտարարել է, որ Աֆրիկայում նկատվող երաշտն ամենադաժանն է վերջին 60 տարիների ընթացքում: Այն հիմնականում նկատվում է Սոմալի թերակղզում, որը նաև անվանում են Աֆրիկյան կոտոշ: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, այս երաշտն արդեն ազդել է 10 միլիոն մարդկանց վրա: Որոշ հեռավոր շրջաններում սով է սկսվել:
Տեղումների քիչ քանակն ու սննդամթերքի գների աճը հանգեցրել են սնունդի պակասի Ջիբութիում, Եթովպիայում, Քենիայում, Սոմալիում և Ուգանդայում: Քենիայի որոշ շրջաններում ցորենի գինն աճել է 80%-ով: Եթովպիայում սննդամթերքի գների աճը կազմել է 41%:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ վերջին օրերին Սոմալիից Քենիա է փախել 20 հազար մարդ: ՄԱԿ-ի հումանիտար օգնության ցուցաբերման ստորաբաժանման ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսն ասել է, որ եթե առաջիկայում իրավիճակը չուղղվի, ապա երաշտի հետևանքները կարող են ավելի լուրջ լինել:









































