Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարել է Պուտինը և նշել, որ առաջիկա շաբաթ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարւմ զրուցել են վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և Եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սոս Ավետիսյանը:
«Ստրատեգիական առումով Հայաստանը լուրջ խնդիրներ չունի Ռուսաստանի հետ, կան տակտիկական խնդիրներ: Մեծ խնդիրների մասին խոսակցություններն ուռճացված են»,- այս տեսակետը հայտնեց Վ. Հակոբյանը՝ հավելելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը հասկանում են, որ իրենք բնականոն ռազմավարական դաշնակից են, և մեկը մյուսին հավասարապես հարկավոր են:
«Երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների առողջացման նախնական փուլն է, որտեղ կողմերը անհարմարություն կզգան, բայց պետք է հարմարվեն, գան համաձայնության,- նշեց Հ. Բադալյանը: – Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Պուտինի հայտարարության մեջ նշվում է հարաբերությունները զարգացնելու մասին՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները՝ ներառյալ Հայաստանում նոր իրավիճակը: Հատկանշական է նաև, որ Պուտինի խոսքում նշվում է եղած հարաբերությունները, որոնք ձևավորվել են նախկին սերնդի ղեկավարների պաշտոնավարման օրոք. այսինքն՝ արձանագրվում է նաև իշխանության սերնդափոխության հարցը: Կան երկկողմ շահեր, և միշտ չէ, որ շահերը համընկնում են»:
Սոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ այժմ ճշգրտվում են խաղի կանոնները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, և Հայաստանը փորձում է մասնակցել խաղի կանոնների ամրագրմանը, մինչ այժմ դա տեղի չի ունեցել:
Մանրամասն՝ տեսանյութում:









































