ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը երեկ իր էջում տեղեկացրել էր, որ վաղվանից արդեն հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել, սակայն որոշակի պայմաններով:
«Հարգելի քաղաքացիներ, դեկտեմբերի 20-ից կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով: Աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի 1-ը՝ «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծելու ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնելու ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառելու ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործելու ՀՀ տարածքում»,- գրել էր փոխնախարարը։
Այս որոշումն էլ, պարզվում է, չի բավարարում աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին։
«Ղեկն աջ» նախաձեռնության անդամներից Զորիկ Իգիթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումն իրենց չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աջ ղեկով մեքենաներ ներմուծել և կատարել ղեկային փոփոխություն։ Իսկ ովքեր չեն ցանկանում ղեկը փոխել և ցանկանում են աջ ղեկով մեքենաները շահագործել որպես աջ ղեկ, նրանց համար օրենսդրական նոր նախաձեռնություն է մշակվում։
«Մենք անցած շաբաթ մամուլի ասուլիս տվեցինք, այնուհետև բողոքի ակցիա արեցինք, որի ժամանակ հեռախոսազանգ ստացանք վարչապետի օգնականի կողմից, որը մեզ ասաց, որ վարչապետը տրանսպորտի նախարարությանը հանձնարարական է տվել, որ հարցը մեկ անգամ էլ վերանայեն ու մեր նախաձեռնության հետ քննարկեն ու համապատասխան որոշում ընդունեն, որը կգոհացնի «Ղեկն աջ» նախաձեռնությանը։ Հիմա մենք սպասում ենք տրանսպորտի նախարարության արձագանքին, այսինքն՝ մի նոր որոշման»,- մեզ հետ զրույցում ասաց Իգիթյանը։
Նրա խոսքով՝ բացի Նիկոլ Փաշինյանի օգնականի զանգից, իրենք այս երկուշաբթի օրը նախաձեռնության անդամներով հանդիպել են տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանի հետ։ Փորձել են հասկանալ՝ երբ է նախարարությունը պատրաստվում նոր որոշումը քննարկել իրենց հետ։
«Նախարարն ասաց, որ հիմա քննարկվում է նոր ընթացակարգը, այսինքն՝ մի նոր ընթացակարգ, որով աջ ղեկով մեքենաները կարող են ներմուծվել որպես աջ ղեկ, գրանցվել ու շահագործվել որպես աջ ղեկ։ Ոչ մի խոսք չի եղել ղեկը փոխելու մասին։ Նախարարն ասաց, որ այս նոր տարբերակը արդեն քննարկվել է ոստիկանության հետ, պետական շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ պատրաստվում են քննարկել, որից հետո վերջնական տարբերակը կքննարկեն «Ղեկն աջ» նախաձեռնության հետ, և արդեն դրան օրենսդրական նախաձեռնության տեսք կտրվի»,- ասաց Իգիթյանը։
Մեր դիտարկմանը, որ փոխնախարարի գրառման մեջ որևէ այլ տարբերակի մասին խոսք չկա, և կարծեք թե դա վերջնական որոշում է, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ, չի կարող այդպիսի բան լինել։ Երեկվա հայտարարությունը վերաբերում է նրանց, ովքեր ցանկություն կունենան փոխել ղեկը, դարձնել ձախ։ Իսկ մեզ համար, ովքեր չեն ցանկանում փոխել ղեկը, պատրաստվում է նոր ընթացակարգ, որը պետք է քննարկվի, որոշում կայացվի և դառնա օրենսդրական ակտ»։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ նախարարությունը ներկայումս մշակում է ևս մեկ նախաձեռնություն, տարբերակներ են քննարկվում, և ըստ ամենայնի դրանով կբավարարվեն ներմուծողների պահանջները։ Այսինքն՝ նրանք կկարողանան ներկրել սահմանին կուտակված իրենց մեքենաները և որպես աջ ղեկով մեքենա շահագործել: «Այս տարբերակը քննարկվում է, որ մենք վերջապես կարողանանք լուծում տալ այդ հարցին, այդ մեքենաները ներմուծվեն, ու վերջնականապես այդ հարցը փակվի»,- ասաց փոխնախարարը։











































