ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամը, որն «անօրինականության ցնցող օրինակ» է, դատարանի որոշմամբ կլուծարվի, հաղորդում է NBC ամերիկյան հեռուստաալիքը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:
Հիմնադրամն իր ակտիվները կփոխանցի ոչ առևտրային այլ կազմակերպությունների հետագա 30 օրերի ընթացքում: Դատավճիռը հրապարակվել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդի կողմից: Կազմակերպությունները, որոնց կփոխանցվեն միջոցները, պետք է հավանության արժանանան Նյու Յորքի գլխավոր դատախազի թիմի կողմից, պարզաբանել է ալիքը:
Լուծարման պատճառներից նշվում է նաև Թրամփի նախընտրական շտաբի հետ հիմնադրամի «անօրինական համագործակցությունը»: Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամն իրականում գործել է որպես «չեկային գրքույկ, որը ծառայել է Թրամփի գործնական և քաղաքական շահերին»:








































