Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարել է, որ ինքը և արտերկրում ապրող իր ընկերը պատրաստ են 6 միլիոն դոլար նվիրաբերել պետությանը։ Բնականաբար, Վաչագան Ղազարյանն այս քայլի դիմաց ակնկալում է քրեական գործի հետապնդման կարճումը, դադարեցումը։
Իր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ անցումային արդարադատության շրջանակներում պետք է հասկանալ՝ արդյո՞ք հանրությունը պատրաստ է ներել այն մարդկանց, ովքեր զարտուղի ճանապարհով կեղեքել են ժողովրդին, իրենց դիրքն օգտագործելով՝ հասել են ֆինանսական հաջողությունների։ Ինչպիսի՞ կարծիք ունեք «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը պատասխանեց․ «Դա ավելի համապարփակ մոտեցում ունի։ Դեռևս հեղափոխությունից առաջ հեղափոխության օրակարգ էր դրվել, դա դեկապիտալիզացիայի մասին օրենքն է։ Ի՞նչ է ենթադրում այդ նախաձեռնությունը, որը հետո դարձավ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնություն, և հիմա շարունակվում է այդ դիսկուրսը, ինչը դրա վառ օրինակներից մեկն է։ Նախկին տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ տարբեր միջոցներով ֆինանսական «սև» միջոցներ են կուտակել։ Դա եղել է կոռուպցիայի շնորհիվ ստացված գումարներ, դա եղել է արտոնությունների միջոցով ստացված գումարներ, դա եղել է ինչ-որ պետական գույքի մասնավորեցման արդյունքում ստացված գումարներ, մենաշնորհների միջոցով ստացված գումարներ և այլն»։
«Մենք ունենք սեփականատերերի մի խումբ, որոնք ունեն ահռելի մեծ սեփականություն, բայց մենք բոլորս չենք ճանաչում նրանց սեփականությունը, որովհետև նրանք արդար քրտինքով չեն վաստակել այդ սեփականությունը։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետն ինչպես կարող է նման ահռելի սեփականություն ունենալ, որովհետև նա ընդամենը թիկնազորի պետ է եղել․ նրա աշխատավարձի չափն էլ գիտենք, պետական վճարման չափն էլ գիտենք։ Հիմա նա պատրաստվում է 6 միլիոն դոլար վճարել կամ նվիրատվություն անել, հարց է առաջանում՝ էդ 6 միլիոն դոլարը որտեղի՞ց»,- հավելեց Գոռ Հակոբյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։







































