Մեծ Բրիտանիայում դատարանը թույլատրել է հիվանդանոցի հիվանդի կամքին հակառակ անդամահատել նրա ոտքը, հաղորդում է The Independent-ը:
Գանգրենայով տառապող տղամարդը հրաժարվել է վիրահատությունից՝ անտեսելով կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը: Բրիտանական օրենքներն արգելում են առանց հիվանդի համաձայնության բժշկական օգնության ցուցաբերել, ուստի բժիշկները չեն կարողացել շարունակել բուժումը:
Հիվանդանոցի ղեկավարությունը դիմել է դատարան: Գործը քննող դատավորը եզրակացրել է, որ հիվանդի մտավոր ունակությունները բավարար չեն որոշելու համար, թե ինչպես է պետք բուժել իրեն և որոշել է թույլ տալ անդամահատել տղամարդու ոտքը նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի նրան հոգեմետ դեղեր տալ կամ պահել ուժով:










































