Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում աշխատանքից ազատվելու դիմում գրած ուսուցիչների մի մասը դիմումները հետ են վերցրել։ Նախարարին այդ տեղեկությունը հաղորդել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Մինչ անդրադառնալը դպրոցում տիրող անառողջ մթնոլորտին ու օրեցօր վատթարացող ու պայթյունավտանգ իրավիճակին՝ փաստենք, որ նախարար Հարությունյանը իրավիճակին չի տիրապետում։ Այն ուսուցիչները, ովքեր դիմումներ են գրել աշխատանքից հեռանալու մասին, դիմումները հետ չեն վերցրել։ Նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկությունը թյուր է ու իրականությանը չհամապատասխանող։ Այս պահի տվյալներով՝ դպրոցից հեռանալու դիմումներ են գրել և հետ չեն վերցրել հետևյալ ուսուցիչները. Հասմիկ Այվազյան՝ մաթեմատիկայի ուսուցչուհի, Գևորգ Ենոքյան՝ աշխարհագրության ուսուցիչ, Անժիկ Միքայելյան ՝ կենսաբանության ուսուցչուհի, Հուսիկ Սրապիոնյան՝ ֆիզկուլտուրայի, Էլմիրա Սիմոնյան՝ անգլերեն լեզվի ուսուցչուհի, Վիոլետա Բադալյանց՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։
«Առաջին լրատվական»-ը զրուցեց ազատված մի քանի ուսուցիչների հետ, ովքեր այսօր դպրոցում հանձնում-ընդունում են կատարել։ Նրանց խոսքով՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում մեծ հերթեր են, մեծ թվով ծնողներ գնացել են իրենց երեխաների անձնական գործերը վերցնելու և այլ դպրոց տեղափոխելու։ Ավելին՝ ուսուցիչների մի մասն էլ հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի, հին տնօրենը կշարունակի պաշտոնավարել, այդ հույսով էլ դեռ դիմում չեն գրում։
«Դա սուտ տեղեկություն է, ոչ մի ուսուցիչ դիմումը հետ չի վերցրել։ Ներսից նման սուտ ինֆորմացիա են տարածում, որ պատկեր ստեղծեն, թե իբր ամեն ինչ կարգին է դպրոցում։ Դպրոցի կյանքը կաթվածահար եղած է։ Մենք, ըստ օրենքի, կարող ենք 3 օրվա ընթացքում գնալ և դիմումները հետ վերցնել, բայց մեզանից ոչ մեկը չի գնացել ու հետ չի վերցրել։ 4 վարչական աշխատող ու 6 ուսուցիչ դիմումները գրել են ու հետ չեն վերցրել։ Դասապրոցեսը խաթարված է։ Տեսեք, կենսաբանության ուսուցչուհին դուրս է եկել, որն ունի շաբաթական մոտ 30 ժամ, մաթեմատիկայի ուսուցչուհին՝ մոտ 30 ժամ, աշխարհագրության ուսուցչուհին 20-30 ժամ ունի, անգլերենի ուսուցչուհին՝ 18-20 ժամ, և այդպես շարունակ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Դպրոցի աշխատանքը կաթվածահար է եղել։ Ի դեպ, ասեմ, որ դպրոցի լավագույն կորիզն է դուրս եկել, այն ուսուցիչները, որոնց հետևից երեխաները լացել են»,- մեզ հետ զրույցում ասաց դիմում գրած ուսուցիչներից մեկը։
Մանկավարժի տեղեկացմամբ՝ աշակերտների տեղափոխման 134 դիմում գրված է եղել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի օրը՝ վերջինիս գնալուց հետո։ «Նիկոլ Փաշինյանին ճանապարհել ենք, ու դիմումների հոսքը գնացել է այդ պատասխանից հետո։ Ես ինքս օգնել եմ փաստաթղթերի ձևակերպման հարցում։ Մի այլ կարգի արտահոսք է գնացել դպրոցից»,- ասաց նա։
Դպրոցում դասադուլը շարունակվում է, երեխաներին շարունակում են տեղափոխել այլ դպրոց, պարզապես հրապարակային հայտարարությունների միջոցով փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ կարգին է։ Ուսուցիչների փոխանցմամբ՝ իրենց և ծնողներին խնդրում, աղաչում են, որ դիմումները հետ վերցնեն, վերադառնան դպրոց ու շարունակեն աշխատել։ Մեր զրուցակից ուսուցիչը իր երեխային ևս դպրոցից տեղափոխել է այլ դպրոց։ Աշակերտները և ուսուցիչները շարունակում են դասադուլը՝ հույս ունենալով, որ նոր տնօրենը կտեսնի ստեղծված իրավիճակը և հրաժարական կտա։ Մինչդեռ, մանկավարժների խոսքով՝ «էտալոնային մարզպետի զիլ ծրագրով տնօրենը այսօր առավոտվանից պետական կնիքը գրպանը դրած, լուրջ գործերը թողած՝ աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու դիմումներն է կնքում։ Սա դպրոցի կործանման սկզիբն է»։
Մանկավարժները նեղսրտել են նախարար Արայիկ Հարությունյանի ու իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունից, թե դասադուլ անող ուսուցիչները, աշակերտները հեղափոխական տարերքի, էյֆորիայի տակ են։ «Իրենք իրավիճակին չեն տիրապետում։ Էն ժամանակ, որ Սերժին ասում էին՝ դուք իրավիճակին լավ չեք տիրապետում, ձեզ ճիշտ չեն զեկուցում իրավիճակը, հիմա նույն պատկերն է։ Իրենք գիտեն, թե այստեղ անձի պաշտամունքի խնդիր է։ Ոչ, այսօր լավ տնօրենի կողմից լավ դպրոցը քանդվում է։ Սա եղել է քաղաքի ծաղիկ դպրոցը։ Ես չեմ թերագնահատում այլ դպրոցները, բայց սա հեղինակություն վայելող դպրոց է եղել, որն ունի ամենաշատ աշակերտը։ Այստեղ ամուր համակարգ է եղել, որը քանդվեց»,- ցավով նշեցին մանկավարժները։
Այսօր էլ թիվ 3 հիմնական դպրոցում դասադուլը շարունակվում է, աշակերտները դասարան-դասարան դպրոց չեն գալիս, օրինակ՝ 7ա դասարանն ընդհանրապես դասի չի հաճախում, քանի որ իրենց դասղեկը ևս դուրս է եկել։ 820 աշակերտ ունեցող դպրոցում երեկ դպրոց է հաճախել մոտ 200 աշակերտ, նույն պատկերն է նաև այսօր։ Ուսուցիչները ցավում են, որ կառավարությունը այսպիսի որոշում կայացրեց, լուրջ չվերաբերվեց դպրոցին ու չհասկացավ, որ հարցը հեղափոխական էյֆորիան չէր, այլ կայացած դպրոցի պահպանումը։
Ուսուցիչները նշեցին, որ հայտարարություն է եղել՝ իբր դասադուլ արած մանկավարժների աշխատավարձերը չեն վճարվելու. «Նման օրենք չկա, որ մեզ չվճարեն։ Մենք օրինական ձևով դասադուլ ենք արել։ Հիմա մի հատ էլ բոմբ պայթելու է դեկտեմբերի վերջին, երբ ես իմ աշխատանքի դիմաց վարձատրություն չստանամ, ու վերջնահաշվարկ չանեն»։
Ուսուցիչները հիշեցին, թե ինչպես էր նոր տնօրեն Աննա Բալյանը այն ժամանակ, երբ իրենք դասադուլ էին անում, վիրավորում ու հայհոյախառն արտահայտություններ անում ծնողների ու ուսուցիչների հասցեին։ «Այդ ծնողները ինքնասիրություն ունեն։ Ինքը չկարողացավ իր դիմակը պահել, գոնե գործի մտներ՝ նոր այդ ամեն ինչը ասեր։ Հիմա հրեշտակի դիմակով ասում է՝ կներեք, կներեք»,- հայտարարեցին ուսուցիչները և հավելեցին, որ նոր աշխատանք են փնտրում, պատրաստի կադրեր են, մեծ փորձ ունեն և հաստատ աշխատանք գտնելու խնդիր չեն ունենա։








































