Կանադայից 21-ամյա Արիաննա Քենթը տառապում է ուժեղ ալերգիայով ցրտից, որի պատճառով անընդհատ սպառնալիքի տակ է նրա կյանքը՝ նրան կարող է սպանել նույնիսկ սովորական սառնարանը:
Արիաննա Քենթի ալերգիան այնքան ուժեղ է, որ նա կարող է ընկնել անաֆիլակտիկ շոկի մեջ նույնիսկ ամռանը՝ բավական է սառույցով ըմպելիքը կամ ջրավազանում չափազանց սառը ջուրը: Իսկ աղջիկն ապրում է այնպիսի երկրում, որտեղ ձմեռները լինում են շատ խիստ:

«Ձմռանը ես չեմ կարողանում 5 րոպեից ավելի մնալ փողոցում: Նույնիսկ մինչև մեքենային հասնելը կարող է վտանգավոր լինել»,- ասում է նա:
Ձմեռային զվարճանքները Արիաննայի համար չեն, ընդ որում՝ նաև ամռանը նա պետք է լինի շատ զգույշ: Սառը ուտեստը այտուցում է նրա կոկորդը, իսկ օդորակիչը առաջացնում է եղնջատենդ:
«Ես կարող եմ խուսափել սառը լողավազանից կամ ըմպելիքից, բայց անհնար է կանխատեսել՝ երբ կսկսվի անձրև կամ երբ կտրուկ կցրտի: Ես չեմ կարող դա վերահսկել»,- ասում է աղջիկը:

Հազվադեպ հիվանդության առաջին ախտանշանները նրա մոտ հայտնվել են 14 տարեկանում՝ նա սկսել է շնչահեղձ լինել ձյունը մաքրելիս: Սակայն բժիշկները չեն հասկացել, թե ինչ է կատարվում նրա հետ: Ընդ որում, որոշ բժիշկներ մինչև հիմա էլ չեն հավատում Արիաննային, երբ նա հայտնում է իր ախտորոշումը: Իսկ շրջապատողները Արիաննային համարում են շատ քմահաճ:
«Մարդիկ հաճախ ինձ չեն հավատում, որ սա իսկական ալերգիա է, նրանք ասում են՝ «հա, Արիաննա, գիտենք, որ դու միշտ մրսում ես, բայց դա չի նշանակում, որ դու ցրտից ալերգիա ունես»»,- հավելում է աղջիկը:
Արիաննան հույս ունի, որ ժամանակի հետ բժիշկները կկարողանան պայքարել նրա վիճակի դեմ: Իսկ առայժմ նա փորձում է մարդկանց բացատրել, որ ցրտից ալերգիան երևակայություն չէ, ոչ էլ քմահաճություն, այլ հիվանդություն է, որը կարող է սպառնալ նրա կյանքին:







































