Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի խնդիրը մինչև տարեվերջ պետք է կարգավորվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էյսմոնտի խոսքով՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ թեմայի քննարկումը եղել է «ոչ թե բուռն, այլ շատ բուռն»: Նա նշել է, որ դրա արդյունքում ի վերջո նիստի մասնակիցները «միմյանցից ներողություն են խնդրել»:
Նշենք, որ հինգշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչը»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հերքել է այդ փաստը: Փաստը հերքել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:












































