168.am-ը գրում է. այսօր ժամը 00:17-ին, ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00:20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Արթուր Սաֆարյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ա. Սաֆարյանը սպանվել է հրազենով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 27-ին՝ ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Ա. Սաֆարյանը սպանվել է այն շենքի բակում, որտեղ վերջինս ապրում է:
Դեպքի վայր կատարած մեր այցելության ընթացքում Արամի նրբանցքի 5/Ա շենքի բակը լի էր ոստիկաններով ու քննիչներով:
Շենքի բնակիչներից մեկը պատմել է, որ գիշերը ձայներ է լսել, սակայն իրեն թվացել է, թե դրսում հրավառություն է: «Սաղ օրը սալյուտ են տալիս»,- ասաց շենքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ առավոտյան է միայն իմացել, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է:
Շենքի բակը մաքրող կինն էլ պատմել է, որ տեղյակ չի եղել կատարվածի մասին. երբ առավոտյան աշխատանքի է եկել, ոստիկաններն իրեն զգուշացրել են շենքի մի հատվածը չմաքրել, այնտեղ փամփուշտ է եղել: «Առավոտը որ եկա, միլիցիաները ստեղ էին, ասեցին՝ ստեղին ձեռք չտաս, գործողություններ պետք է անենք: Հիմա որ գնացին, արդեն մաքրում եմ»,- ասել է նա:
Մանրամասները՝ 168.am-ում







































