Վաշինգտոնի մայր տաճարում տեղի է ունեցել 94 տարեկանում կյանքին հրաժեշտ տված ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի հոգեհանգստի արարողությունը: Դրան ներկա են եղել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ առաջին տիկնոջ՝ Մելանյայի հետ, ԱՄՆ չորս նախկին նախագահները՝ տիկնանց հետ, հայտնի քաղաքական գործիչներ և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ, փոխանցում է Associated Press-ը:
Հրաժեշտի ճառ են ասել նախկին նախագահի կենսագիր Ջո Միչեմը, նախկին սենատոր Ալան Սիմփսենը և այլք: Հանգուցյալի որդին՝ Ջորջ Բուշ կրտսերն ասել է, որ նա հիանալի հայր և նախագահ էր, որն իրեն ամբողջությամբ մարդկանց է նվիրել:
Բուշը կհուղարկավորվի Տեխաս նահանգի Քոլեջ Սթեյշն քաղաքում, Տեխասի գյուղատնտեսական և մեքենաշինական համալսարանին կից նրա անունը կրող գրադարանի տարածքում: Այստեղ են հուղարկավորվել նաև Բարբարա Բուշը և զույգի երեք տարեկան դուստրը:
Նշենք, որ հոգեհանգստի արարողության ժամանակ Ջորջ Բուշ կրտսերը Միշել Օբամային կոնֆետ է հյուրասիրել:
Տեսագրությունում երևում է՝ ինչպես Դոնալդ և Մելանյա Թրամփներին ողջունելուց հետո Ջորջ Բուշ կրտսերը ողջունում է Բարաք և Միշել Օբամաներին՝ վերջինին կոնֆետ հյուրասիրելով:










































