Նախօրեին «Ժամանակ» օրաթերթը լուր էր հրապարակել, որտեղ գրել էինք, որ «Արդշինինվեստ» բանկի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում: Մասնավորապես՝, գրել էինք, որ բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Սասուն Սեդրակյանը անձամբ է զբաղվում ՀՀԿ-ից առաջադրված, Արմավիրի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի քարոզարշավով՝ փակցնելով նրա մեծադիր գովազդային պաստառը: Վրդովված էջմիածինցիները տոմատի բանկայով հարվածել են պաստառին՝ այն ներկելով կարմիրով:
«Հիշեցնենք, որ «Արդշինինվեստ» բանկը կապվում է 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի հետ»,-գրել էր թերթը:
Այս հրապարակումից հետո Սասուն Սեդրակյանը պատասխան է ուղարկել, որը հրապարակում ենք ստորև․
«Տեղեկացնում եմ, որ «Ժամանակ» թերթի հրապարակումն այն մասին, որ «Արդշինբանկ» ՓԲԸ աշխատակից Սասուն Սեդրակյանը զբաղվում է «ՀՀԿ» քարոզարշավով չի համապատասխանում իրականությանը: Համաձայն ԿԸՀ կարգի՝ գովազդային ծառայություն մատուցող ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել ԿԸՀ ազատ գովազդային վահանակների վերաբերյալ: Վիճակահանության արդյունքում ազատ գովազդային վահանակների վրա գովազդի տեղադրման իրավունք են շահել հետևյալ երեք կուսակցությունները՝ «ՀՀԿ» , «Սասնա ծռեր» և «ՔՈՍԴԿ»: ԿԸՀ կարգի համաձայն կնքվել է գովազդի տեղադրման պայմանագիր և մատուցվել ծառայություն ինչպես «ՀՀԿ», այնպես էլ «Սասնա Ծռեր» կուսակցություններին:
Նշեմ, որ գովազդային ծառայություն մատուցող ընկերությունը պատկանում է իմ ընտանիքին, և գովազդային վահանակի վրա տեղադրվել է ոչ միայն «ՀՀԿ», այլ նաև «Սասնա ծռեր» կուսակցության պաստառը: Հետևաբար, խնդրում եմ չտարածել ապատեղեկատվություն այն մասին, որ ես զբաղվում եմ որևէ կուսակցության քարոզարշավով և չվարկաբեկել «Արդշինբանկ» ՓԲԸ գործարար համբավը՝ անհիմն շոշափելով վերջինիս անունը:
Հավելեմ, որ ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում և երբևէ ներգրավված չեմ եղել որևէ քաղաքական գործընթացի մեջ, և իմ կողմից իրականացված բոլոր գործընթացներն եղել են բացառապես օրենքի շրջանակներում»:
Հարգանքով՝
Սասուն Սեդրակյան









































